Home / Армения / Ֆուտբոլային երկրպագուները լրագրողի վրա չեն հարձակվել. հայտարարություն

Ֆուտբոլային երկրպագուները լրագրողի վրա չեն հարձակվել. հայտարարություն

Համառուսաստանյան ֆուտբոլային երկրպագուների միությունը հերքել է վերջերս ռուսաստանյան մի քանի ԶԼՄ-ներում տարածված այն կասկածները, ըստ որի` «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինի վրա իրականացված հարձակման մեջ մեղավոր են ֆուտբոլային երկրպագուները: Այս մասին նշված է կազմակերպության կողմից տարածած հաղորդագրության մեջ, գրում է Lenta.ru-ն: Կազմակերպության ներկայացուցիչները մամուլում հայտնված տեղեկատվությունը որակել են որպես` «կեղծիք և սադրանք»:

«Որոշ ԶԼՄ-ներ պետք է փոխեն իրենց մոտեցումը: Նրանք ֆուտբոլային երկրպագուներին ներկայացնում են համաշխարհային չարիքի կենտրոնում և նրանց են վերագրում բոլոր հնարավոր և անհնար մեղքերը, այն ժամանակ, երբ իսկական հանցագործները ստվերում են մնում»,- ասված է հաղորդագրության մեջ:

Ֆուտբոլային երկրպագուները շուտափույթ ապաքինում են ցանկացել լրագրող Օլեգ Կաշինին և հույս են հայտնել, որ հանցագործներն անպայման կբացահայտվեն:

Հիշեցնենք, որ «Կոմերսանտ» թերթի լրագրող Օլեգ Կաշինը նոյեմբերի 5-ի լույս 6–ի գիշերը դաժան ծեծի էր ենթարկվել երկու անհայտ անձանց կողմից: Պատահածի հետևանքով Կաշինը ուղեղի ցնցում և մի շարք կոտրվածքներ էր ստացել: Ծանր վիճակում Կաշինին հասցրել էին 36-րդ քաղաքային հիվանդանոցի վերակենդանացման բաժին, որտեղ էլ նա ներկայումս գտնվում է:

Tekali Taxi