Home / Армения / Բրիտանիայի դեսպանատունը հիասթափված է Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հետաձգման փաստից

Բրիտանիայի դեսպանատունը հիասթափված է Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի հետաձգման փաստից

«Մենք հիասթափված ենք այն փաստից, որ Հայաստանում «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնը» հերթական անգամ հետաձգվեց, քանի որ կազմակերպիչները չեն կարողացել մի տարածք գտնել, որտեղ կցանկանան հյուրընկալել իրենց»: Այսօր վերոնշյալ հաղորդագրությունն է հայտնվել Երևանում Բրիտանիայի դեսպանատան ֆեյսբուքյան էջում որպես ստատուս:

Դեսպանատունը նշում է, որ իրենք անմիջականորեն ընդգրկված չեն փառատոնի կազմակերպչական գործընթացում, «սակայն մենք քանիցս աջակցել ենք այստեսակ միջոցառումների անցկացմանը, որոնք օգնում են պայքարել կարծրատիպերի դեմ և կոտրել սահմանները, որոնք առկա են տարածաշրջանում»:

Հիշեցնենք, որ «Ադրբեջանական ֆիլմերի փառատոնի» անցկացումը երեկ հերթական անգամ հետաձգվել է, քանի որ Բուզանդի 1 հասցեում գտնվող տարածքի սեփականատիրոջ վրա ճնշում է գործադրվել, և նա հրաժարվել է կազմակերպիչներին տարածք տրամադրել: Այս մասին Epress.am-ին տեղեկացրել էր փառատոնի կազմակերպիչ, Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի ղեկավար Գեորգի Վանյանը:

Մինչ այդ փառատոնը նախատեսվում էր անցկացնել Թամանյան 5 հասցեով, սակայն Գեորգի Վանյանը հայտնել էր, որ այդ տարածքի սեփականատերը նույնպես հրաժարվել էր տարածք տրամադրել ճնշումների պատճառով:

Մեզ հետ զրույցում Վանյանը ներողություն է խնդրել բոլոր նրանցից, ովքեր պատրաստվում էին երեկ մասնակցել փառատոնին և հայտնել, որ այն, այնուամենայնիվ, կայանալու է:

Հիշեցնենք, որ նախապես փառատոնը պետք է կայանար նոյեմբերի 2-ին «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի «Մեդիա կենտրոնում», սակայն այդ տարածքը նույնպես չի տրամադրվել կազմակերպիչներին:

Ինչ վերաբերում է փառատոնին աջակցություն ցուցաբերող ԱՄՆ-ը դեսպանատը, ապա դեսպանատան խոսնակ Քերըն Ռոբլին Epress.am-ի հարցմանն ի պատասխան հայտարարել էր, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոնի անցկացումը Հայաստանում նպատակ ունի նպաստել հանդուրժողականության տարածմանը, թույլ տալ ծանոթանալ այլ մշակույթին և տեղ տալ բազմակարծությանը:

«Սրանք ցանկացած ժողովրդավարական երկրի համար շատ կարևոր արժեքներ են: Կարծում ենք, որ ադրբեջանական ֆիլմերի փառատոն կազմակերպելը հիանալի մտահղացում էր, և այդ իսկ պատճառով որոշել ենք աջակցել դրա իրականացմանը և այժմ էլ աջակցում ենք», – ասել էր Ռոբլին:

Tekali Taxi