Home / Հայաստան / Հայաստանում կրթության նախարարի անվան մրցանակ են սահմանել

Հայաստանում կրթության նախարարի անվան մրցանակ են սահմանել

«Մենք դե՛մ ենք օտրարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնությունը հայտարարել է յուրօրինակ «հակամրցանակի» հիմնման մասին:

Համաձայն նախաձեռնության կողմից ստեղծված «Օտարալիզության ասպարեզում Դելյանով -Աշոտյանի անվան մրցանակաբաշխության հանձնաժողով»-ի մրցանակը տրվելու է «հայերեն լեզվին, դպրությանը և ազգային անկախ պետականությանն առավել վնաս հասցրած գործիչներին և կազմակերպություններին առանձնացնելու և հանրությանը ու գալիք սերունդներին իրենց գործունեությունը ներկայացնելու նպատակով»:

«Ցավով գիտակցում ենք, որ այդօրինակ գործիչներն անպակաս են եղել հայ ազգի ողջ հարուստ և իրադարձություններով լի պատմության ընթացքում: Սակայն 2010թ.-ին վերոհիշյալ տեսակի արտառոց ակտիվացումը ստիպում է մեզ դիմել այս քայլին: Միաժամանակ մեզ չի լքում հույսը, որ այս տարվա պարգևատրումը կլինի վերջինը և մրցանակաբաշխությունը առարկայական պատճառներով երկար կյանք չի ունենա», – նշված է հանձնաժողովի կողմից տարածած մամուլի հաղորդագրության մեջ:

Համաձայն նախաձեռնության անդամների` մրցանակը կոչվելու է «Օտարալիզության  ասպարեզում Դելյանով-Աշոտյանի անվան մրցանակ» կամ կարճ «Օտարալիզության  մրցանակ» և ունենալու է հետևյալ աստիճանները` առաջին կարգի օտարալեզ,
 երկրորդ կարգի օտարալեզ, երրորդ կարգի օտարալեզ, կրտսեր օտարալեզ պատվավոր խրախուսական կոչում:

Մրցանակը ներառում է համապատասխան հարգի (ոսկի, արծաթ, բրոնզ) մեդալ (լուսանկարում), պատվոգիր և դրամական պարգև երեսուն դրամի չափով:

Ծանոթության մեջ մրցանակաբաշխության կազմակերպիչները ներկայացնում են ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին և Իվան Դելյանովին (Դիլաքյան), ով հայկական ծագմամբ ռուսական պետական գործիչ է եղել, 1882-1897-ին` Ռուսական Կայսրության ժողովրդրական լուսավորության մինիստր, ում օրոք փակվել են հայկական բազմաթիվ դպրոցներ:

Tekali Taxi