Home / Հայաստան / ՌԴ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ Կրեմլում հյուրերին որդերով չեն կերակրում

ՌԴ նախագահի ներկայացուցիչը պնդում է, որ Կրեմլում հյուրերին որդերով չեն կերակրում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինը «Московский комсомолец» պարբերականին տված հարցազրույցում խոսել է վերջերս տարածված այն լուրերի մասին, թե Կրեմլում կազմակերպված ընդունելության ժամանակ Տվերի նահանգապետ Դմիտրի Զելենինն աղցանի մեջ որդ էր հայտնաբերել:

Կոժինի խոսքով` Կրեմլում մատուցած սնունդում ոչ մի որդ էլ չի եղել: Ստուգումները ցույց են տվել, որ նահանգապետի ներկայացրած փաստն իրականությանը չի համապատասխանում: «Հատուկ մարմինների մասնագետներն ուսումնասիրել են իբր որդով ափսեի նկարները, որոնք Զելենինը տեղադրել էր իր անձնական կայքում: Պարզվել է` ընդունելության ժամանակ այդպիսի սպասք չի եղել: Մնացածը նահանգապետի խղճին թող մնա», – ասել է ՌԴ նախագահի ներկայացուցիչը:

Ավելի վաղ Կոժինի մամլո քարտուղար Վիկտոր Խրեկովը հայտարարել էր, որ եթե Դմիտրի Զելենինի կողմից արված հայտարարությունը, թե Կրեմլի ընդունելության ժամանակ իր աղցանի մեջ որդ է հայտնաբերել, հերքվի, ապա Զելենինը պետք է պատասխանատվություն կրի: Խրեկովը, սակայն, չի մանրամասնել, թե ինչ պատասխանատվության մասին է խոսքը:

Հիշեցնենք, որ որդի հետ կապված սկանդալը բուռն ընթացք էր ստացել նրանից հետո, երբ Զելենինը համացանցով տեղեկացրել էր, որ Գերմանիայի նախագահ Քրիստիան Վուլֆի` Ռուսաստան կատարած այցի շրջանակներում կազմակերպված ընդունելության ժամանակ իր ափսեի մեջ որդ է հայտնաբերել: Այնուհետ այդ նկարը նա տեղադրել էր Twitter-ի իր էջում` հետևյալ մեկնաբանությամբ`«Նման բան տեղի է ունենում և Ալեքսանդրյան սրահում: Մսի հետ անձրևաորդով աղցան են մատուցում»:

Դրանից հետո Զելենինի բլոգից այդ ողջ տեղեկատվությունը ջնջվել էր, սակայն այն հասցրել էր տարածվել համացանցով:  Դմիտրի Զելենինի նման պահվածքը Կրեմլի վրդովմունքն էր առաջացրել: ՌԴ նախագահի օգնական Սերգեյ Պրիխոդկոն առաջարկել էր նահանգապետերին վերաբերող փաստաթղթում նոր կետ ավելացնել, ըստ որի նահանգապետին պետք է ազատել աշխատանքից տկարամտության պատճառով:

Tekali Taxi