Home / Հայաստան / Դատախազությունը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի պատժամիջոցի վերաբերյալ իր նախկին կարծիքից

Դատախազությունը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի պատժամիջոցի վերաբերյալ իր նախկին կարծիքից

Նիկոլ Փաշինյանի համար սահմանված պատժի չկրած մասի կրճատման հաշվարկ կատարելու վերաբերյալ «Նուբարաշեն» ՔԿՀ պետ Տ. Նավասարդյանի կողմից  25.05.2010թ. կայացված որոշմամբ պատժի կրճատման հաշվարկը կատարվել է ակնհայտ սխալ, որի հետևանքով Ն. Փաշինյանի պատժաչափը փաստացի ավելացել է շուրջ հինգ ամիս ժամանակով: Այս մասին այսօր «Կոշ» ՔԿՀ-ի վարչական շենքում հայտարարել է Փաշինյանի փաստաբան Երվանդ Վարոսյանը:

«Կոշ» ՔԿՀ-ի  մի ազատ սենյակում անցկացվել է դատական նիստը, որտեղ լսվել է Փաշինյանի պաշտպանների վերոնշյալ որոշումը փոխելու մասին պահանջը:

Փաստաբանները պահանջում են, որպեսզի Փաշինյանի պատժի հաշվարկն իրականացվի համապատասխան օրենսդրության համաձայն: Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի պատժի չափը սահմանվել է 7 տարի, և կրճատվել կեսով, սակայն ստեղված իրավիճակում պատժաչափն ավելացել է 5 ամսով այն պատճառով, որ նրա նկատմամբ ընտրված է եղել կալանավորում խափանման միջոցը:

Պատասխանող կողմը ներկայացնող «Նուբարաշեն» ՔԿՀ երկու աշխատակիցներ հայտարարել են, որ օրենքի խախտում չկա և հաշվարկը ճիշտ է կատարվել: Դատական նիստին ներկա դատախազը նույնպես նշել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ պետի որոշումը օրենքին չի հակասում:

Տեղեկացնենք, որ դեռևս ամիսներ առաջ ՀՀ դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Վարդան Վարդանյանը հայտարարել էր, որ այդ որոշումը օրենքին հակասող է և պետք է վերացվի, իսկ այսօր այդ նույն կառույցի ներկայացուցիչը այլ բան է ասել: Ելնելով այդ հանգամանքից՝ Փաշինյանի պաշտպան Երվանդ Վարոսյանը միջնորդել է հետաձգել դատը, քանի որ դատախազության կարծիքի փոփոխությունն իր համար անակնկալ էր և իրեն ժամանակ է հարկավոր այդ խնդրին պատշաճ կերպով անդրադառնալու համար: Դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է նոյեմբերի 19-ին, ժամը  12.00-ին:

Տեղեկացնենք նաև, որ հենց դատական նիստի սկբում ուշագրավ դեպք է տեղի ունեցել: Սենյակում, որտեղ անցկացվել է դատական նիստը,  փակցված են եղել զինատեսակների պաստառներ, որոնք Փաշինյանը միջնորդել է հանել այդտեղից:

Նա նշել է հետևյալը. «Ներկայիս իշխանություններին ավտոմատը հարազատ է, բայց ամեն դեպքում դատարանին հարիր չէ, որ նման պաստառներ փակցված լինեն»:

Դատավոր Սուրեն Մնոյանը բավարարել է Փաշինայնի միջնոդությունը, և «Կոշ» ՔԿՀ-ի աշխատակիցները պաստառները հանել են պատերից:

Tekali Taxi