Home / Հայաստան / Պատահական չէ, որ Ռուսաստանը Հայաստանում առաջին ներդրողն է. նախագահ

Պատահական չէ, որ Ռուսաստանը Հայաստանում առաջին ներդրողն է. նախագահ

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում, այսօր մասնակցել է «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացված տոնական միջոցառմանը:

«Մենք մշտապես հետևում և առանձնահատուկ կարևորություն ենք տալիս ձեր նվաճումներին ու խնդիրներին, քանի որ Ռուսաստանի Դաշնությունում է գտնվում աշխարհի ամենաստվար հայկական համայնքը: Դրանով է նաև բացատրվում այն հանգամանքը, որ շարունակաբար ամրացող հայկական կազմակերպությունը` Ռուսաստանի հայերի միությունը, ձգտում է միշտ լինել համահայկական նախաձեռնությունների առաջամարտիկների շարքում: Տարիների հետևողական աշխատանքի արդյունքն է նաև, որ այսօր միությունը դարձել է այն յուրօրինակ ամրասյունը, որն իր շուրջ կարողանում է համախմբել Ռուսաստանի հայությանը»,- ողջույնի խոսքում ասել է Նախագահ Սարգսյանը:

Սերժ Սարգսյանը մեծապես կարևորել է սփյուռքի մեր հայրենակիցների դերը, ովքեր Հայաստանի անկախության վերստեղծումից ի վեր կրում են հայաստանցիների և՛ հաջողությունների, և՛ դժվարությունների ողջ պատասխանատվությունը` իրենց նպաստը բերելով հայրենիքի զարգացման ու հզորացման գործին, միաժամանակ` միջպետական հարաբերություններում կամուրջ հանդիսանում համագործակցության խորացման և հարաբերությունների սերտացման համար: Այդ համատեքստում, nախագահը խոսել է հարուստ պատմություն և հզոր մարդկային ներուժ ունեցող Ռուսաստանի հայ համայնքի մասին.

«Անուրանալի է մեր հայրենակիցների ներդրումը հայ-ռուսական համագործակցության ընդլայնման և հատկապես դրա տնտեսական բաղադրիչի զարգացման մեջ: Պատահական չէ, որ Ռուսաստանը մեր ռազմավարական դաշնակիցն է և հուսալի գործընկերը: Պատահական չէ նաև, որ Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ասպարեզում հենց Ռուսաստանն է զբաղեցնում առաջին տեղը: Սա օրինակելի միջպետական հարաբերությունների դրսևորում է, որի զարգացմանը նաև նպաստում է այս երկրում ապրող հայ համայնքը»,- ասել է Սերժ Սարգսյանը` ընդգծելով, որ այժմ մեր խնդիրը Հայաստան-Սփյուռք կապերի հետագա ընդլայնումը և աշխարհասփյուռ հայության ներուժի համադրումն է:

Հայ-ռուսական բարեկամության խորացման, ազգային շահերի պաշտպանության գործում ներդրած նշանակալի անձնական ավանդի համար «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանը ՀՀ նախագահի հրամանագրով պարգևատրվել է Պատվո շքանշանով: Կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ տեղի ունեցած միջոցառման ժամանակ Սերժ Սարգսյանը Արա Աբրահամյանին շնորհավորել և հանձնել է պետական պարգևը:

Tekali Taxi