Home / Армения / «Գողական ռոմանտիկա», օլիգարխների «մերկացում», կարցեր. Խմբագիրները պաշտպանեցին Փաշինյանին

«Գողական ռոմանտիկա», օլիգարխների «մերկացում», կարցեր. Խմբագիրները պաշտպանեցին Փաշինյանին

Մի շարք հայաստանյան լրատվամիջոցների խմբագիրներ այս անգամ հետևողական գտնվեցին: Իրենց աննախադեպ միասնականության պատճառը քաղբանտարկյալ գործընկեր Նիկոլ Փաշինյանի հանդեպ բանտում օրեցօր աճող ճմշումները դարձան:

Նոյեմբերի 16-ին Սարյանի արձանի հարևանությամբ կայացած բացօդյա ակցիային, որտեղ ստորագրվեց քաղբանտարկյալի անվտանգությունը ապահովելու պահանջ, հաջորդեց լրատվամիջոցների ղեկավարների մամուլի ասուլիսը Փաշինյանի ղեկավարած «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագրությունում:

Հայտարարությանը ներկայացուցչի միջոցով միացած միակ երևանյան հեռուստատեսության` «ԱԼՄ»-ի ղեկավար Տիգրան Կարապետյանը ներկա չեր լրագրողների հետ հանդիպմանը:

«Առավոտի» խմբագիր Արամ Աբրահամյանը խոսքը սկսեց գերմանացի հայտնի բողոքական քահանա Մարտին Նիմյոլերի (1892—1984) ասածով. «Երբ տարան կոմունիստներին, ես լռում էի, քանի որ կոմունիստ չէի: Երբ տանում էին հրեաներին, ես լռում էի, քանի որ հրեա չէի: Երբ կաթոլիկների հետևից եկան, լռեցի` բողոքական էի: Երբ եկան ինձ տանելու, այլևս ոչ մեկ չմնաց, ով կարող էր խոսք ասեր ինձ համար»:

«Նիկոլ Փաշինյանին նստացրել են իր ասածների, գրածների համար: Իշխանություններին չհաջողվեց ապացուցել նրա մեղավորությունը: Ստալինյան ժամանակներում ասում էին` «մենք չունենք ապօրինի դատապարտվածներ»: Դա վախկոտ, հարմարվող մարդկանց երկրում տիրող իրավիճակի արդարացումն էր: Ես զարմացած եմ մեր մշակույթի գործիչների, մտավորականության լռությունից: Նրանք վախենում են: Յուրաքանչյուր` իրեն պարկեշտ մարդ համարող քաղաքական հայացքներից, պետք է իր ձայնը բարձրացնի ի պաշտպանություն Նիկոլ Փաշինյանի», – հայտարարել է «Առավոտի» խմբագիրը:

2002-ին քաղաքական պատճառներով եթերից զրկված «Ա1+» հեռուստաընկերության նախագահ Մեսրոպ Մովսիսյանը նշեց, որ այսօր բանտում կարող է հայտնվել հայաստանյան յուրաքանչյուր լրագրող և խմբագիր:

«168 ժամ» թերթի խմբագիր Սաթենիկ Սեյրանյանն իր զարմանքը հայտնեց երկրի իշխանությունների պահվածքի կապակցությամբ: «Խմբագիրների, հասարակական բողոքին նրանք արձագանքեցին` Փաշինյանի խցում գտնվելու ժամկետը ավելացնելով: Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ միջազգային կառույցների, պրեսկոտների հայտարարությունները կարող են ազդել իշխանության վրա, բայց հասարակության, լրագրողների խոսքն անտեսվում է»:

«Armenia today» ինտերնետային կայքի ղեկավար Արգիշտի Կիվիրյանը, միանալով գործընկերներին, պահանջեց անմիջապես ազատ արձակել Նիկոլ Փաշինյանին, և այդ խնդրին հրավիրել միջազգային լրագրողական և իրավապաշտպանական կազմեկերպությունների ուշադրությունը: «Նիկոլ Փաշինյանի կյանքն ամեն օր, ամեն ժամ վտանգված է: Իշխանություններն ի վիճակի չեն ապահովել նրա անվտանգությունը: Այդ պատճառով ես պահանջում եմ, որպեսզի նա անմիջապես ազատ արձակվի»:

«Լրագիր» լրատվական կայքի խմբագիր Հայկազն Ղահրիյանը խոսքն ուղղեց այն լրատվամիջոցներին և գործիչներին, որոնք, սեփական երկրի, հասարակության խնդիրներն անտեսելով, զբաղված են հարևան երկրներում, մասնավորապես, Թուրքիայում և Ադրբեջանում բացթողումներ փնտրելով, «կեղտ բռնելով»:

Pravda.am կայքի խմբագիր Նարեկ Մալյանը հայտարարեց, որ իր համար կարևորն այն է, որ Նիկոլ Փաշինյանը կարողացավ ջարդել հայ հասարակության մեջ, մասնավորապես, երիտասարդների շրջանում առկա «գողական ռոմանտիկայի» պաշտամունքը:

Անցյալ տարի ազատ արձակված, պարտադիր զինծառայությունից ապօրինի կերպով խուսափելու մեղադրանքով դատապարտված «Ժամանակ» թերթի խբագիր Արման Բաբաջյանյանը, հղում կատարելով իր աղբյուրներին, նշեց, որ Փաշինյանի հանդեպ ճնշումները կտրուկ ավելացան վերջինիս հոդվածներում տեղ գտած ոմն օլիգարխի և նրա ընտանիքի մասին տեղեկություններ հրապարակելու պատճառով:

Ասուլիսին ներկա Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, «կասկածի տակ չառնելով Բաբաջանյանի տեղեկացվածությունը, բանտային անձնական փորձը և աղբյուրներին հասանելիությունը», նշեց, որ «Ժամանակի» ղեկավարի վարկածն ընհանրապես չի համապատասխանում իրականությանը: «Փաստ է, որ Փաշինյանի հանդեպ ոտնձգությունները ուղղորդվում են անմիջապես նախագահականից», – ասաց նա:

Անդրադառնալով Փաշինյանի` խցում հայտնվելու փաստին, Հակոբյանը պատմեց, որ նախօրեին իրեն արգելեցին օգտվել ամիսը մեկ անգամ թույլատրված բանտարկյալի հետ երկարատև հանդիպումից: «Կոշ» ՔԿՀ-ի ախշատակիցները բացատրեցին, որ կարցերում հայտնվածների համար հանդիպումներն արգելված են:

Աննա Հակոբյանի խոսքով` Արդարադատության նախարարության մամուլի քարտուղարը, փաստորեն, ստել է` հայտարարելով, որ Փաշինյանին 3 օր են խցում պահելու: «Կոշ»-ում հայտնեցին, որ նրան կարցերում պահելու են 15 օր:

Նշենք, որ ասուլիսին մասնակցել են «Առավոտ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Հրապարակ», «Ժամանակ», «168 ժամ», «Հետք», «Հայկական ժամանակ», «Իրատես դե ֆակտո» թերթերի, «Epress.am» , «Լրագիր», «Armtoday», «Pravda.am» լրատվական կայքերի, «Ա1+»  հեռուստաընկերության ղեկավարները:

Tekali Taxi