Home / Армения / Ինչու է Հայաստանում ձախողվում պետականության ստեղծումը. զեկույց

Ինչու է Հայաստանում ձախողվում պետականության ստեղծումը. զեկույց

Պատմության ընկալումը հայերի մոտ դեռևս չի հասել գիտական մակարդակի և իրենից ներկայացնում է, այսպես կոչված, «պատմական փաստերի» կուտակում, որոնք, լավագույն դեպքում, պարզունակ զգացական-բարոյախոսական մեկնաբանման են ենթարկվում, փոխարենը՝ վերլուծվեն պատմությունում կրկնվող էական այն միտումները, որոնց պատճառով հայոց պատմության 3000 տարվա ընթացքում պետականություն մենք ունեցել ենք ոչ ավել քան 700 տարի, և որոնց ձևակերպման հիման վրա կարելի է հասկանալ նաև, թե ինչու է ձախողվում պետականության ստեղծման արդի փորձը, և ինչ պետք է անել, որ այն հաջողվի: «Պետականության կայացման պատմա-իրավական և տնտեսական գրավականները» զեկույցը ներկայացնելիս այս մասին հայտարարել է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը` հանդես գալով ՀԱԿ-ում` Կանանց բարեգորածական կենտրոնի հրավերով շաբաթ օրը կայացած հերթական նիստում: 

Բագրատյանը նշեց, որ ձախողման առաջին պատճառը զանգվածային սեփականատերերի /հողատեր ազատ գյուղացիների/ դասակարգի պարբերական վերացումն էր հայկական այս կամ այն իշխանությունների կողմից, որոնք սեփականությունը խլում էին մանր սեփականատերերի ձեռքից և հանձնում խոշոր սեփականատերերին՝ նախարարներին, եկեղեցուն, այժմ՝ օլիգարխներին: Դրանով պետությունը խարխալում էր իր հիմքերը, քանի որ նախ` մարդիկ հրաժարվում էին ապրել նման պետությունում, որտեղ որ իրենց ոչինչ չի պատկանում, և դիմում էին զանգվածային արտագաղթի, երկրորդը՝ խոշոր սեփականատերերը դառնում էին անկառավարելի, և ծառայեցնում էին իրենց կենտրոնական իշխանությունը, ինչի հետևանքով այն պարզապես վերանում էր:

Մասնավորապես, հենց դա էր նաև Առաջին հանրապետության արագ կործանման պատճառը: Առհասարակ, Բագրատյանը նշեց, որ պետական կայացման ու բարեկեցության են հասնում այնպիսի հասարակությունները, որոնք

ա/ կարողանում են առաջնորդվել օրենքով, և ոչ ավանդույթով,

բ/ ստեղծում են կանանց հավասարությունը տղամարդու հետ, ինչի բացակայության պատճառով, օրինակ, երեք անգամ ընդհատվել է հայոց իշխող տոհմը /կին-թագաժառանգ եզրը ընկալելու անկարողությունից/ և երկիրը կորցրել է անկախությունը, ու ինչը բացակայում է նաև հիմա, երբ համարվում է, որ կնոջ գործն է երեխա պահելը, իսկ սոցիալ-տնտեսական գործունեությամբ պետք է զբաղվի տղամարդը,

 գ/ իրավական և տնտեսական արտոնությունների բացառում, հավասար հարկում, ինչից և պատմականորեն, և այժմ հատկապես ձգտել է խուսափել հայ եկեղեցին, առհասարակ, տնտեսական գործունեությունը պարզապես անհնարին է դառնում այնտեղ, որտեղ կա տնտեսական իրավունքների անհավասարություն, տնտեսապես ակտիվ մարդիկ լքում են նման տարածքները և իրենց գործունեությունը ծավալում այնտեղ, որտեղ որ իրավա-տնտեսական դաշտի միակարգությունը ապահովված է,

դ/ որտեղ կա ունիվերսալիստական մտածելակերպ ապահովող համակարգ, միջնադարում կայացած հասարակությունների մոտ դա եկեղեցին էր /իսկ հայկականը հենց դա չէր ապահովում/, նոր ժամանակներում՝ քաղաքական համակարգը և պետինստիտուտները, մինչդեռ Հայաստանում դրանք նույնպես չեն իրականացնում այդ առաքելությունը, լինելով, լավագույն դեպքում, նեղ-տեղայնական ու ծեղային /ծեղակրոն/ մտածելակերպի կրող: 

Նախկին վարչապետն անդրադարձավ նաև արդի աշխարհի մակրո-տնտեսական պատկերին, մասնավորապես, ներկայացնելով, որ արտասահմանյան ներդրումներն իրականում գրեթե ոչ մի տեղ չեն հանդիսանում զարգացող երկրների տնտեսական աճի խթան, այլ հիմնականում ձգտում են զարգացած երկրների տնտեսությանը: Համաշխարհային տնտեսությունը Բագրատյանը պատկերեց իբրև կապիտալի, մարդկային ռեսուրսի ու բնական ռեսուրսի համագործակցության պրոցես` մերկացնելով Հայաստանի իշխանությունների թյուր և արատավոր քաղաքականությունը, որոնք ապավինում են գոյություն չունեցող բնական ռեսուրսի ու կապիտալի, զարգացման հնարավորությունից զրկելով ու երկրից արտագաղթել ստիպելով միակ իրական ռեսուրսը՝ մարդկայինը: 

Մյուս շաբաթ օրը, Փոքր Խորհրդի հրավերով, Հրանտ Բագրատյանը ՀԱԿ-ում կմասնակցի «100 քայլ» ծրագրի քննարկմանը` ՀԱԿ-ի Մշակույթի, Կրթության և գիտության և Առողջապահության հանձնաժողովների մշակած հայեցակարգերի համատեքստում:

Tekali Taxi