Home / Հայաստան / Երևանի քաղաքապետարանը բարեկարգելու է պանթեոնները

Երևանի քաղաքապետարանը բարեկարգելու է պանթեոնները

Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը նոյեմբերի 22-ին աշխատանքային շրջայց կատարեցին Կոմիտասի անվան պանթեոնում, այնուհետև այցելեցին քաղաքային պանթեոն։

Շրջայցի ընթացքում քաղաքապետն ու նախարարը տեղում ծանոթացան պանթեոնի և զբոսայգու խնդիրներին։ Ինչպես հաղորդում է Երևանի քաղաքապետարանի կայքը, Կոմիտասի անվան զբոսայգու տարածքից առանձնացված պանթեոնը բարվոք վիճակում է. Երևանի քաղաքապետարանն այստեղ ամենօրյա պահպանություն և խնամք է իրականացնում։
2011թ. Երևանի քաղաքապետարանի ծրագրով Կոմիտասի անվան պանթեոնի տարածքում նախատեսվում է անցկացնել շուրջ 950 գծամմետր երկարությամբ նոր ջրագիծ: Կանցկացվի արտաքին լուսավորության նոր ցանց: Նախատեսվում է վերանորոգել նաև բազալտե եզրաքարերը, սալիկները, ավելացնել նստարանների ու աղբամանների թիվը:

Քաղաքապետարանը նշում է, որ բարեկարգվելու է Մհեր Մկրտչյանի հուշաքարը. դերասանի համար այս տարին հոբելյանական է, լրանում է նրա ծննդյան 80-ամյակը։ Այդ առիթով, հաշվի առնելով նաև նրա ընտանիքի ցանկությունը, տեղադրվելու է դերասանի  կիսանդրին։

Նշենք, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ կազմվել է մայրաքաղաքի զբոսայգիների վերականգնման ծրագիր, որտեղ առաջնահերթություններից մեկը հենց Կոմիտասի անվան զբոսայգին է։ Վերջինս վերականգնելու և բարեկարգելու ծրագրի առաջին քայլերից մեկը նաև այգու` վաղուց արդեն չգործող նախկին ատրակցիոնի տեղում դելֆինարիում կառուցելն է, որի շահագործումից ստացված եկամուտները, համաձայն պայմանագրի, ամբողջությամբ կհատկացվեն զբոսայգու բարեկարգմանն ու պահպանմանը:
Քաղաքապետն ու նախարարը եղան նաև քաղաքային պանթեոնում։ Գագիկ Բեգլարյանն ու Հասմիկ Պողոսյանը  ծաղիկներ դրեցին այստեղ  ամփոփված հայտնի պետական-հասարակական և մշակութային գործիչների շիրմաքարերին։

Քաղաքապետարանի կայքը հարղոդում է, որ քաղաքային պանթեոնում խնդիրները, հետևաբար նաև անելիքները, ավելի շատ են։ Քաղաքապետը նշել է, որ պանթեոնների բարեկարգումը կընդգրկվի քաղաքապետարանի առաջիկա ծրագրերում։

Tekali Taxi