Home / Армения / Հայերն ու թուրքերն իրենց խնդիրները կլուծեն առանց քաղաքական գործիչների. գրող

Հայերն ու թուրքերն իրենց խնդիրները կլուծեն առանց քաղաքական գործիչների. գրող

Հայերն ու թուրքերն իրենք կլուծեն իրենց խնդիրները: Այս մասին Today’s Zaman-ի հետ զրույցում հայտարարել է Թուրքիայում բնակվող հայազգի գրող և հասարակական ակտիվիստ Մկրտիչ Մարկոսյանը:

«Խնդրի լուծումը գալու է ոչ թե բարձրաստիճան պաշտոնյաներից, այլ երկու երկրների հասարակություններից: Որքան շատ երկու երկրներում ապրող մարդիկ երկխոսության մեջ մտնեն, այնքան շուտ կգտնեն խնդիրների լուծումը», – ասել է Մարկոսյանը, ով ծնվել է Թուրքիայի Դիարբեքիր քաղաքում և այժմ բնակվում է Ստամբուլում:

Պատասխանելով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների հնարավոր բացման մասին հարցին` հայազգի գրողը հայտարարել է, որ ինքն ընդհանրապես դեմ է սահմաններին:

«Ի՞նչ սահմաններ: Ո՞ւմ սահմանները: Ո՞վ է որոշել այդ սահմանների գոյությունը: Եթե դուք ուսումնասիրեք պատմությունը, կտեսնեք, որ հին սահմաններն այսօր վերացել են: Նույնը լինելու է ներկա սահմանների հետ, նրանք մի օր անհետանալու են: Որոշ սահմաններ ոչնչացվում են արդեն հիմա: Օրինակ` Եվրամիությունը: Շատ անհավանական է թվում, որ Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը կարող է փակ լինել: Մենք մինչև վերջերս Հունաստանի հետ շատ խնդիրներ ունեինք, սակայն հիմա բարեկամներ ենք: Ես հույս ունեմ, որ Հայատսանի և Թուրքիայի սահմանը կբացվի: Հույս ունեմ` բոլոր սահմանները բաց կլինեն», – ասել է Մարկոսյանը:

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև խնդիրները հիմնականում քաղաքական բնույթ ունեն, խնդիրը հասարակությունների միջև չէ:

«Քաղաքական խնդիրները միայն օգնում են բաժանել մարդկանց տարբեր գաղափարախոսական ճամբարների: Սակայն եթե մարդիկ սկսեն շփվել, նրանք կսկսեն ճանաչել միմյանց և այլևս միմյանց մասին դատողություններ չեն անի` գաղափարախոսական և քաղաքական դիրքերից ելնելով: Ի ուրախություն մեզ` վերջին շրջանում հայաստանցիները և Թուրքիայի քաղաքացիներն ավելի շատ են շփվում: Մարդիկ սկսել են երկխոսությունը, և այդ գործընթացը շարունակական կլինի: Մարդիկ և ոչ թե քաղաքական բարձրաստիճան գործիչներն են լուծելու խնդիրները», – ասել է Մկրտիչ Մարկոսյանը:    

Tekali Taxi