Home / Հայաստան / Հովիկ Աբրահամյանը Սիրիայում կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին

Հովիկ Աբրահամյանը Սիրիայում կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին

Նոյեմբերի 22-ի երեկոյան եռօրյա պաշտոնական այցով Սիրիայի Արաբական Հանրապետություն (ՍԱՀ) կմեկնի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում են ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը, ԱԺ գյուղատնտեսական և բնապահպանական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը,  ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արամ Սաֆարյանը, պատգամավորներ Անահիտ Բախշյանը, Սուրիկ Պողոսյանը, Մարտին Սարգսյանը, ԱԺ աշխատակազմի ղեկավար Գեղամ Ղարիբջանյանը:

ՀՀ ԱԺ նախագահը Դամասկոսում հանդիպումներ կունենա ՍԱՀ նախագահ Բաշար ալ-Ասադի, ՍԱՀ Ժողովրդական ժողովի նախագահ Մահմուդ ալ-Աբրաշի, վարչապետ Նաջի Օտրիի հետ: Հովիկ Աբրահամյանը ելույթ կունենա ՍԱՀ Ժողովրդական ժողովի նստաշրջանում:  ՍԱՀ ԺԺ-ում տեղի կունենա ՀՀ և ՍԱՀ պատվիրակությունների ընդլայնված նիստ, երկու երկրների խորհրդարանների նախագահները կստորագրեն փոխըմբռնման հուշագիր: ՀՀ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի նաև Դամասկոսի Հայոց Թեմի Առաջնորդարան:

Հալեպում  ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կհադիպի Հալեպի նահանգապետ Ալի Ահմադ Մանսուրայի, ՍԱՀ գլխավոր Մուֆթի Բադր ադ-Դին Հասսունի հետ և կմասնակցի հայկական արտադրության ապրանքների ցուցահանդեսին: ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի հայ համայքնի ներկայացուցիչների հետ:

Դեյր Զորում ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունը կհանդիպի նահանգապետ Հուսեյն Առնուսի և նահանգային իշխանության անդամների հետ: Հայ խորհրդարանականները կայցելեն  Ս. Նահատակաց եկեղեցի, Հայոց Ցեղասպանության զոհերի հուշահամալիր, որտեղ հարգանքի տուրք կմատուցեն Հայոց  Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Tekali Taxi