Home / Армения / Փորձում են գործ սարքել խաղաղ ցույցի մասնակիցների վրա. Կարապետյան

Փորձում են գործ սարքել խաղաղ ցույցի մասնակիցների վրա. Կարապետյան

Այսօր Երևանի ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական բաժանմունք են հրավիրվել նոյեմբերի 9-ին Շառլ Ազնավուրի անվան հրապարակից բերման ենթարկված Հայ ազգային կոնգրեսի երկու ակտիվիստներ` Սարգիս և Արեգ Գևորգյանները, ինչպես նաև ՀԱԿ արտաքին կապերի հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը:

Epress.am-ի հետ զրույցում Արեգ Գևորգյանը նշել է, որ ոստիկանությունում քննիչը սկսել է իրենց հարցեր տալ, որի ընթացքում ակտիվիստները հետաքրքրվել են, թե ինչ գործողության են մասնակցում: Քննիչը պատասխանել է, որ երիտասարդները մասնակցում են առերեսման, իսկ զրույցի պահին ներկա է եղել նաև մի ոստիկան:

Երիտասարդները հայտարարել են, որ իրենք հրաժարվում են մասնակցել անօրինական  գործողության: Իրենց որոշումը Արեգ Գևորգյանը բացատրել է հետևյալ կերպ.

 «Հրաժարվում ենք մասնակցել վկաների առերեսման գործողությանը, քանի որ առերեսումը կատարվում է վկաների ցուցմունքների հակասության դեպքում, իսկ քանի որ մենք ցուցմունք չենք տվել, քննիչի գործողությունները որակում ենք անօրինական»:

Վլադիմիր Կարապետյանը Epress.am-ի հետ զրույցում կարծիք է հայտնել, որ քննիչը թերի աշխատանք է կատարել և չի ուսումնասիրել նոյեբերի 9-ի դեպքերը` ժամը 9.30-ից սկսած: Կարապետյանի խոսքով՝ քննիչը  անտեսում է այդ օրվա 9.30-ի ոստիկանների բռնությունները և փորձում է քննության ընթացքը ուղղորդել դեպի ժամը տասը:

«Սրանով փորձում են մեզ որպես մեղավոր ներկայացնել: Ես քննիչին  իմ բողոքը ներկայացրեցի առ այն, որ նա նաև փորձում է ուղղորդել որպես վկա հրավիրված Մելիքյան ազգանունով ոստիկանին: Եվ հնարավոր է, որ ես բացարկ հայտնեմ քննիչին: Այսինքն` հերթական անգամ ի ցույց դրվեց, որ քննչական ծառայությունը ոստիկանության սպասարկուն է և, օրինականության վերականգնման փոխարեն, փորձում են գործ սարքել խաղաղ ցույցի մասնակիցների վրա»,- հավելել է Վլադիմիր Կարապետյանը:

Տեղեկացնենք նաև, որ նոյեմբերի 9-ին Սարգիս և Արեգ Գևորգյանների առգրավված իրերն այսօր հետ են վերադարձրել:

Tekali Taxi