Home / Հայաստան / Իշխանության խնդիրը. Հայաստանում մեղադրում են կնոջը, անգամ եթե նա զոհ է

Իշխանության խնդիրը. Հայաստանում մեղադրում են կնոջը, անգամ եթե նա զոհ է

Բռնությունը սոցիալական երևույթ է, այն կապված չէ կրթական մակարդակի հետ:
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին «Կանանց ռեսուրսային կենտրոնի» համահիմնադիր, սոցիոլոգ Գոհար Շահնազարյանը խոսել է Հայաստանում բռնության դրսևորումների և բնույթի մասին:

Նա նշել է, որ քանի որ մեզ մոտ տարածված է, որ տղամարդը իշխանությունն է, ապա այստեղ ավելի խոցելի են կանայք և երեխաները, որոնք թույլ խավին են պատկանում:

«Շատ կարևոր է նաև բռնության ենթարկված զոհերի հանդեպ վերաբերմունքը և աշխատանքը: Մեզ մոտ, ցավոք սրտի, տարածված է զոհին մեղադրել զոհ լինելու մեջ` հիմնականում երբ սեռական բռնության ենթարկված կինն է հանդես գալիս զոհի դերում: Մենք միշտ ասում ենք` այս կամ այն վարքագծի, հագնվելու պատճառով կինը հրահրել է, և արդյունքում դարձել է զոհ: Սակայն սա երկրորդական խնդիր է, երբ փաստացի առկա է զոհը»,- նշել է նա: Շահնազարյանը հավելել է, որ բռնությունը կապված է իշխանություն ունենալու հնարավորությանների հետ:

Ասուլիսի մյուս հյուրը` Մանկավարժական համալսարանի հոգեբանական ծառայությունների կենտրոնի տնօրեն, հոգեբան Մարիամ Մեհրաբյանն էլ նշել է մեր հասարակությունում տարածված բռնության տեսակները, ինչպես, օրինակ, ընտանեկան բռնություն, ֆիզիկական բռնություն, հոգեբանական և սեռական բռնություն:

«Բռնությունը սոցիալ-մշակութային երևույթ է, որի հիմքում ընկած է այն, որ բռնություն իրագործողի համար բռնությունը միակ վարքային մոդելն է, դա նրա ինքնադրսևորումն ու ինքնահաստատումն է:

«Կանանց ռեսուրսային կենտրոն»-ի սեռական բռնության դեմ պայքարի ծրագրի համակարգող Տաթևիկ Աղաբեկյանը, իր հերթին, լրագրողներին տեղեկացրել է վաղը  կայանալիք երթի մասին` նվիրված սկեսրոջ և ամուսնու կողմից բռնության ենթարված և սպանված 20-ամյա Զարուհի Պետրոսյանի հիշատակին:

«Երթի ընթացքում նամակ է հանձնվելու ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև նույն նամակներն ուղարկվելու են ՀՀ դատախազին, վարչապետին, ոստիկանապետին, և Մարդու իրավունքների պաշտպանին`պահանջելով հետևողական լինել Զարուհի Պետրոսյանի գործի քննությանը»,- ասել է Տաթևիկ Աղաբեկյանը:

Tekali Taxi