Home / Հայաստան / Մեդվեդևը Ռուսաստանում լճացում է նկատել

Մեդվեդևը Ռուսաստանում լճացում է նկատել

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևն այն կարծիքին է, որ Ռուսաստանի քաղաքական կյանքում լճացման նախանշաններ են հայտնվել, որոնք «կործանարար են թե իշխող կուսակցության, թե ընդդիմության համար»:  Այս մասին նախագահը երեկ հայտարարել է իր տեսաբլոգում:

Մեդվեդևի կարծիքով` կայունությունը լճացումով փոխարինելու սպառնալիք է առաջացել:

«Եթե ընդդիմությունը ոչ մի հնարավորություն չունի հաղթելու ազնիվ պայքարում, ապա այն հետընթաց է ապրում և ծայրահեղական է դառնում: Բայց եթե իշխող կուսակցությունը պարտվելու ոչ մի հնարավորություն չունի, ապա այն «մետաղի է վերածվում» և կրկին հետընթաց է արձանագրում, ինչպես ցանկացած կենդանի օրգանիզմ, որն առանց շարժման է ապրում»,-ասել է նախագահը:

Նախագահի խոսքով`ցանկացած ժողովրդավարության գլխավոր խնդիրը` ժողովրդական կառավարության որակի բարձրացումն է:

«Քաղաքական համակարգը այնպիսին պետք է լինի, որտեղ առավելագույնս լսելի լինեն և հաշվի առնվեն բոլորի կարծիքները, այդ թվում` ամենափոքր հասարակական խմբերի կարծիքները: Իդեալական տարբերակն այն է, որ լսելի լինի անգամ մեկ մարդու կարծիքը»,-հայտարարել է նախագահը:
Նախագահն այն համոզմանն է, որ «քաղաքական բարեփոխումները չպետք է ժողովրդավարական համակարգերին քաոսային վիճակի և կաթվածահարման հանգեցնեն: Այդ բարեփոխումները պետք է լինեն աստիճանաբար, բայց հստակ»:
Նրա խոսքով` Ռուսաստանը վերջին երկու տարիների ընթացքում այդ ուղին է բռնել:

ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը վստահ է նաև, որ Ռուսաստանում քաղաքական համակարգն «ավելի բաց, ճկուն է և վերջին հաշվով ավելի արդար է դարձել»:

Tekali Taxi