Home / Армения / Սարգսյանը և Ալիևը համաձայնության չեն գա, անգամ եթե ցանկանան. Դե Վաալ

Սարգսյանը և Ալիևը համաձայնության չեն գա, անգամ եթե ցանկանան. Դե Վաալ

Չկա ոչ մի հիմք ենթադրելու, թե Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովում քաղաքական բեկում կլինի Լեռնային Ղարաբաղի հարցով: Այս մասին news.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Կարնեգի հիմնադրամի Հարավային Կովկասի գծով փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Ընդհակառակը, դեռևս հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի առկախման պահից ղարաբաղյան բանակցությունները կանգ են առել, իսկ շփման գծում իրավիճակը սրվել է: Եվ Ադրբեջանում, և Հայաստանում հասարակական կարծիքը դեմ է փոխզիջումներին և խաղաղությանը, ինչը խոչընդոտում է հիմնական սկզբունքների համաձայնեցմանը, եթե նույնիսկ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը ցանկանում են դա: Հետևաբար խաղաղության պայմանագրի ձեռքբերման հարցում երկու առաջնորդների վրա ճնշում կարող է լինել միայն արտաքին ուժերի կողմից, սակայն միջազգային ուժերն էլ բավականաչափ հետաքրքրված չեն, կամ չունեն անհրաժեշտ ռեսուրս` հայերից և ադրբեջանցիներից խաղաղության պայմանագիր ստանալու համար: Տեղական գործոնները աշխարհաքաղաքական շահերից զորեղ են»,- ասել է Դե Վաալը:

Փորձագետը պատերազմի վերսկսման հավանականության մասին նշել է, որ առաջիկա երկու, երեք տարիների ընթացքում դրա հնարավորությունը մեծ չէ, սակայն երկարաժամկետ հեռանկարում, Ադրբեջանի սպառազինության աճը կմեծացնի պատերազմի հավանականությունը. 

«Ինձ առավել մտահոգում է այն, որ շփման գծում միջադեպերը կարող են հաճախակիանալ, և մի քանի տասնյակ զինվորների մահը կսպանի ընթացող խաղաղ գործընթացը: Իրավիճակն ավելի ծանր կդառնա, իսկ շփման գիծը` ավելի վտանգավոր: Այդ պատճառով կարծում եմ, որ առաջնահերթությունը պետք է տրվի զինադադարի ռեժիմի ամրապնդմանը»,-նշել է բրիտանացի փորձագետը:

«Ընթացող բանակցային գործընթացն ավելի շատ նման է «հակամարտության կառավարման» (conflict management): Իհարկե, սառեցված հակամարտությունը պատերազմից լավ է, բայց ես չեմ հավատում, որ Ադրբեջանը երկար ժամանակ հակամարտությունը սառեցված կթողնի, գոնե առանց հինգ շրջանների վերադարձման: Այդ պատճառով կարծում եմ, որ ավելի լավ է միջոցներ ձեռք առնել վստահության ամրապնդման համար, ինչը կնվազեցնի հակամարտության հավանականությունը»,- եզրակացրել է Թոմաս դե Վաալը:

Tekali Taxi