Home / Армения / «Կարևոր չէ` տեղ կհասնի թե` ոչ». լրագրողները պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանին

«Կարևոր չէ` տեղ կհասնի թե` ոչ». լրագրողները պաշտպանեցին Նիկոլ Փաշինյանին

Հայաստանի Հնարապետության հրապարկում այսօր հավաքվել էին մի շարք լրատվամիջոցների ներկայացուցիչներ, ովքեր ակցիա էին կազմակերպել` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:

Լրագրողական այս միջոցառմանը մասնակցում էին մի քանի տասնյակ լրագրողներ, ովքեր, Նիկոլ Փաշինյանի նկարով պաստառը պահած, շրջան էին կազմել հրապարակի մեջտեղում` վանկարկելով` «Նի-կոլ, Նի-կոլ»:

Լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանի կինը, «Հայկական ժամանակ» օրաթերթի հրատարակիչ «Դարեսկիզբ» ՍՊԸ-ի տնօրեն Աննա Հակոբյանն ասել է, որ որևէ նոր տեղեկատվություն չունի Նիկոլ Փաշինյանից:

«Նա շատ լավ է, բայց շարունակում է մնալ պատժախցում, այնտեղ գտնվելու ժամկետը լրանալու է դեկտեմբերի 1-ին կամ 2-ին: Դրանից հետո կերևա` ինչ որոշում են կայացնում, ինչ են անում, որովհետև պատժախցից հետո հայտնի չի, թե ինչ քայլեր են իրականացնելու»,- ասել է Հակոբյանը:

Լրագրողների հետ զրուցել է նաև «Հայկական ժամանակ» օրաթերթի թղթակից Վահագն Հովակիմյանը: Հարցին, թե արդյոք, իր կարծիքով, ակցիայի մասնակիցների պահանջները տեղ կհասնեն, Հովակիմյանը պատասխանել է.

«Եթե ամեն անգամ մտածես` տեղ կհասնեն, թե` ոչ, կարող է ընդհանրապես ձեռքներս ծալած նստենք: Կարևորը` մենք մեր պայքարն առաջ տանենք, մենք ինքներս պիտի պայքարենք: Իսկ տեղ կհասնի, թե` ոչ, ինձ թվում է, որ գոնե լրագրողներին երբեք չպիտի հետաքրքրի»:

Անդրադառնալով ակցիային ներկա հեռուստաընկերությունների փոքր քանակին` լրագրողն ասել է, որ Հայաստանի հեռուստաընկերություններում տիրող վիճակը վաղուց է հայտնի. «2002 թվականից այս կողմ մենք, ըստ էության, ազատ հեռուստաընկերություն` գոնե մայրաքաղաքում, չունենք»:

Նշենք, որ միջոցառումը լուսաբանելու էին եկել «Ազգ» օրաթերթի, slaq.am կայքի, «Երևան» և ԱԼՄ հեռուստաընկերությունների թղթակիցները: Իսկ ակցիային միացածների թվում էին «ԳԱԼԱ» հեռուստաընկերության, «Հրապարակ», «Չորրորդ ինքնիշխանություն», «Ժամանակ» օրաթերթերի, «Հետք», «Ա1+», «Armenia Today» կայքերի և մի շարք այլ լրատվամիջոցների լրագրողներ:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 16-ին Սարյանի պուրակի տարածքում նման ակցիա էին անցկացրել լրատվամիջոցների ղեկավարները, իսկ երկու օր առաջ` մշակույթի և արվեստի գործիչները:

Tekali Taxi