Home / Армения / Տնից վտարված բնակիչը հացադուլ է անում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Տնից վտարված բնակիչը հացադուլ է անում ՄԱԿ-ի գրասենյակի մոտ

Նոյեմբերի 24-ից Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հացադուլ և նստացույց է անում Երևանի բնակիչ Գագիկ Սարգսյանը: Epresss.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ իրեն վտարել են Ամիրյան փողոցի իրացման գոտում գտնվող իր բնակարանից և թալանել են իր ունեցվածքը: Այդ խնդրի հետ կապված` նա դիմել է դատարան, սակայն, դատաքննությունը չավարտված, բնակարանն իր ձեռքից առել են:

«Ռոբերտ Քոչարյանն ու Դավիթ Հարությունյանն ինձ նախօրոք զրկել են դատական պաշտպանվածությունից: Փորձաքննության են դրել, որ հակասահմանդրական է կառավարական որոշումը, ուղարկել են` Արդարադատության նախարարության փորձագետը որոշի իրենց գրպանում եղած գործը սահմանադրական դատարանում: Պրեզիդենտն էլ կրկնակի ուղարկում է, որ Ծրագրերի իրականացման գրասենյակը վերականգնի իմ սահմանադրական իրավունքը: Դատավարությունը չավարտված` ինձ վտարել են»,- պատմել է Գագիկ Սարգսյանը:

Նշենք, որ Գագիկ Սարգսյանը չունի Հայաստանի քաղաքացիություն և ՄԱԿ-ի կողմից ստացել է փախստականի անձնագիր, իսկ այժմ դիմել է եվրոպական չորս երկրներին` իրեն ապաստան տալու խնդրանքով:

«Դիմել եմ, որ տան ինձ ապաստան, ՄԱԿ-ից ստացել եմ փաստաթուղթ: Եթե պատասխանը դրական եղավ, ես կգնամ, 1500 քմ տարածք տուն են տալիս, գույք,  աշխատավարձի չափով նպաստ, կյանքս ու անվտանգությունս ապահովված կլինի, դասատու են տալիս, որ սովորեմ տեղի լեզուն»,- ասել է Սարգսյանը:

Միևնույն ժամանակ, նա չի պատրաստվում զիջել և, իր խոսքով, տան համար պայքարելու է մինչև վերջ, քանի որ «այդ գործը հաղթած գործ է»:

Հացադուլավոր տղամարդը բողոքել է նաև ՄԱԿ-ից, քանի որ «այդ կառույցը հրաժարվում է իր կոնվենցիաներից»: Սարգսյանի խոսքով` ինքը 3 օր է` ՄԱԿ-ի գրասենյակի դռան մոտ է անցկացնում, սակայն իրեն դեռ որևէ մեկը այդ կառույցից չի այցելել:

Tekali Taxi