Home / Հայաստան / ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայում «նեոօսմանյան» հայացքների առկայությամբ. Wikileaks

ԱՄՆ-ն անհանգստացած է Թուրքիայում «նեոօսմանյան» հայացքների առկայությամբ. Wikileaks

Գերտերությունների համար գլխացավանք դարձած Wikileaks կայքը նոյեմբերի 28-ին հրապարակել է տասնյակ հազարավոր գաղտնի փաստաթղթեր, որոնք, առաջին հերթին, վերաբերում են ԱՄՆ-ին, Իրաքին, Թուրքիային և Ռուսաստանին:

Փաստաթղթերի հրապարակումից հետո wikileaks.org կայքը մի քանի ժամ անհասանելի էր: Կազմակերպության ներկայացուցիչների խոսքով` այն ենթարկվել էր հաքերների հարձակման:

Այունամենայնիվ, տեղեկատվությունը հետագայում հասանելի է դարձել, և այսօր համաշխարհային մամուլի հիմնական թեման Wikileaks-ի բացահայտումներն են:

Wikileaks-ի կողմից հրապարակված ԱՄՆ-ի գաղթնի փաստաթղթերում անդրադարձ կա նաև Թուրքիային:

Ինչպես գրում է Today’s Zaman-ը, վկայակոչելով գերմանական Der Spiegel-ի հոդվածը, գաղտնի փաստաթղթերից հստակ երևում  է, որ ամերիկացի դիվանագետները մեծ կասկածներ ունեն Թուրքիայի վրա` որպես հիմնական ռազմավարական դաշնակիցներից մեկի: Բացահայտված փաստաթղթերից մեկում նշվում է, որ Թուրքիայի այսօրվա իշխանությունները ղեկավարվում են իսլամիստների կողմից, իսկ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հիմնական խորհրդատուները, այդ թվում` արտաքին գործերի նախարար Ահմեթ Դավութօղլուն, շատ աղոտ պատկերացումներ ունեն այն քաղաքականության մասին, որն իրականացվում է Անկարայի հետաքրքրությունների շրջանակներից դուրս:

Wikileaks-ի հրապարակած փաստաթղթերը բացահայտում են, որ ամերիկացիները բավական անհանգստացած են Ահմեթ Դավուօղլուի «նեոօսմանյան» հայացքներով:

Ամերիկացի բարձրաստիճան դիվանագետներից մեկը զգուշացրել է, որ Դավութօղլուն կարող է «իր իսլամական ազդեցությունը» տարածել Էրդողանի վրա: Դավութօղլուին ամերիկյան դիվանագետները որակել են որպես «ծայրահեղ վտանգավոր»: Ամերիկյան փաստաթղթերում նշված է, որ Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջատար դեմքերը նախկինում «Մահմեդական  եղբայրություն» կազմակերպության անդամ են եղել, իսկ այսօր Էրդողանը շարունակում է իսլամիստական ուղղությանը հարող բանկային գործիչներին բավական ազդեցիկ պաշտոնների նշանակել:

«Էրդողանն իրեն շրջապատել է քծնող (և միաժամանակ գոռոզ) խորհրդատուների երկաթե օղակով» և իրեն ներկայացնում է որպես «Անաթոլիայի ձայն», – ասված է փաստաթղթերից մեկում:

Որպես ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ծագած հիմնական խնդիր նշվում է Իրանի նկատմամբ վերաբերմունքը: Թուրքիան ոչ մի կերպ չի ցանկանում լիարժեքորեն աջակցել ԱՄՆ-ին պատժամիջոցների հարցում, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում ԱՄՆ-ի դիվանագիտական շրջանակներում:

Ինչ վերաբերում է Թուրքիայի` ԵՄ-ին անդամագրվելու ցանկությանը, ապա փաստաթղթերից մեկում նշվում է Ֆրանսիայի բարձրաստիճան դիվանագետներից մեկի` դիվանագիտական հարցերով նախագահի խորհրդատու Ժան-Դավիդ Լեվիտի կարծիքն այն մասին, որ Ֆրանսիան չի փոխի իր դիրքորոշումը Թուրքիայի ինտեգրման վերաբերյալ մինչև Թուրքիան չլուծի իր առջև դրված խնդիրները, մասնավորապես, Կիպրոսի հարցը:

Մասնավոր զրույցներից մեկում Լեվիտը նշել է, որ Փարիզը հույս ունի` թուրքերն իրենք կհասկանան իրենց դերը` որպես Եվրոպան և Ասիան կապող կամուրջ, այլ ոչ թե միմիայն ցանկանան միանալ Եվրոպային: Լեվիտի խոսքերով` Թուրքիան ծանր կացության մեջ է, քանի որ, ունենալով ԵՄ-ին միանալու ցանկություն, այս երկիրը չի ցանկանում ճանաչել ԵՄ-ի երկրներից մեկին: Չնայած այս ամենին, Լեվիտը նշել է, որ «Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Թուրքիայի ընկերն է, և առնվազն 10 անգամ եղել է Թուրքիայում»:

Անդրադառնալով Թուրքիայի ներքին խնդիրներին` եվրոպական թերթերը, հիմնվելով Wikileaks-ի փաստաթղթերի վրա, նշում են, որ երկրում քողարկված պայքար է ընթանում նաև երկրի նախագահ Աբդուլլա Գյուլի և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև: Էրդողանը, փոփոխություններ իրականացնելով նախարարների կաբինետում, անընդհատ փորձում է նվազեցնել Գյուլի ազդեցությունը:

Tekali Taxi