Home / Армения / Բլեյան. Չինովնիկների երեխաներին տանել բանակ, ԲՈՒՀ-երը զրկել պետպատվերից

Բլեյան. Չինովնիկների երեխաներին տանել բանակ, ԲՈՒՀ-երը զրկել պետպատվերից

Զորակոչի գործող կարգը Մարդու իրավունքների ամենամեծ խախտումն է Հայաստանում: Նման պնդումով է հանդես եկել «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն, կրթության նախկին նախարար Աշոտ Բլեյանը «Պիոներ» պարբերականում:

Ըստ Բլեյանի` ՀՀ Սահմանադրության մեջ հստակ ամրագրված է, որ արական սեռի յուրաքանչյուր քաղաքացի զինապարտ է և «Զինապարտության մասին» օրենքով պետք է կատարի իր պարտականությունները: Եթե կա զինվորական պարտադիր ծառայություն, ապա այն բոլորի համար է՝ անխտիր։ Բուհում սովորելն ինչ արտոնություն է, որ մարդն իր սահմանադրական պարտականությունը չկատարի։

Նախկին նախարարը առաջարկում է իրավական հստակ որոշում. 18 տարին լրացած արական սեռի բոլոր առողջ քաղաքացիները պետք է ծառայեն բանակում։

Բլեյանի կարծիքով` դա չի արվում, քանի որ իշխանության մեջ ներգրավված մարդկանց մի խումբ՝ պատգամավորներ, նախարարներ, իրենց երեխաների համար ստեղծել են ծառայությունից խուսափելու ճանապարհ։

«Ինչ վերաբերում է պետպատվերի տեղերի կրճատումներին, եթե այն 2 անգամ պակասեցնում ես, ստացվում է, որ հասարակ հայաստանցին, ով կարող էր հայտնվել այդ արտոնյալ չծառայողների ցուցակում, այդտեղից դուրս է մնում։ Վերոնշյալ էլիտան հայաստանցիներ են, ովքեր ուրիշ երկրում են ապրում, ուրիշ օրենքների են ենթարկվում և վերից վար այլասերում են ողջ համակարգը:

Շատ ենք խոսում այն մասին, որ անվճար տեղերի կրճատումը կատարվում է որոշ մասնագիտություններ խթանելու նպատակով։ Բայց ի՛նչ է նշանակում խթանել, երբ արվեստաբանը, բնագետը կամ հայագետը ստանում է 100 կամ 120 դոլար աշխատավարձ։ Այս պարագայում ուզում ես` բոլոր տեղերն անվճար դարձրու, միևնույն է, այդ մասնագիտությունը պահանջված չի դաոնա։ Ո՞վ կընտրի այդ մասնագիտությունը. միայն նա, ով կհամաձայնի ամբողջ կյանքում քաղցած մնալ։

Այսօր բուհերը պետության կողմից խրախուսվում են դիպլոմավոր գործազուրկներ արտադրելու համար։ Կան հոգեբաններ, սոցիոլոգներ, փիլիսոփաներ, պատմաբաններ պատրաստող տասնյակ ֆակուլտետներ, որոնց 10 ուսանողից 9-ն ապագա գործազուրկ է։ Կադրերի պատրաստման հարցում առաջնային պետք է լինի հասարակական պատվերը։ Եթե այսօր հայաստանյան բոլոր բուհերը 20 տարով փակվեն, կպարզվի, որ դեռ մի 20 տարի էլ նոր մասնագետի կարիք չունենք։ Եղած ուսումնական հաստատությունները զբաղված են բացառապես սեփական աշխատակիցների համար աշխատատեղեր ապահովելով։ Դրանք մասնագիտական ուսուցում չեն տալիս և մատուցում են միմիայն սոցիալական ծառայություն։ Կան ինչ-որ քանակի դասախոսներ, որոնք պետք չէ, որ պարապ մնան։ Իսկ դա թույլ չտալու համար պետք է լինեն ինչ-որ քանակի ուսանողներ, որոնց համար պետք է վճարել։ Այսպես ասած, ծնողի համար հարկի ինչ-որ նոր տեսակ է առաջացել։ Ինչո՞ւ հարկատեսակ, որովհետև այդ ծախսը ուսման մեջ ներդրում անվանել չի կարելի։

Ըստ իս՝ ուսումնառության անվճար համակարգը կարելի է ընդհանրապես վերացնել։ Բայց դրան զուգահեռ պետք է նաև աշխատեն սոցիալական համապատասխան համակարգեր, որոնք անվճարունակ երեխաներին հնարավորություն կտան սովորելու», – ասել է Բլեյանը։

«Կարծում եմ՝  պետք է տևական ժամանակով վերացնել պետական որակավորում տալու երևույթը։ Պետք է ընդամենը տալ վկայական, որ այս մարդն այս հաստատությունում սովորել է, մնացածը թող շուկան որոշի, գործատուն։ Անհրաժեշտ է հարգել գործատուին, որ վերանա կեղծիքը և ձևամոլությունը մասնագիտական կրթության մեջ, բուհում, քոլեջում թե արհեստագործական ուսումնարանում։ Այսպես պետք է անել մինչև դաշտը մաքրվի, առաջ գան այն ուսումնական հաստատությունները, որոնք տարիների ընթացքում են ապացուցել իրենց որակը, որտեղ փողը դեր չունի։ Իսկ պետությունը պետական մարմինների (լիցենզավորման ծառայություններ, տեսչական խմբեր) միջոցով թող ապահովի համապատասխան կրթական ծրագրերով ուսուցման անհրաժեշտ պայմաններ՝ հիգիենայի, անվտանգության, առողջապահության, առողջության պահպանության, մարդու անօտարելի այլ իրավունքների հարգման, տեխնիկական…», – ասվում է հոդվածում։

Tekali Taxi