Home / Армения / Սոչիում Սարգսյանն ու Ալիևը բանակցել են ԼՂՀ հանրաքվեի ժամկետի շուրջ. WikiLeaks

Սոչիում Սարգսյանն ու Ալիևը բանակցել են ԼՂՀ հանրաքվեի ժամկետի շուրջ. WikiLeaks

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան հակամարատության կարգավորման բանակցությունների շրջանակում Իլհամ Ալիևին առաջարկել է Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի մասին հանրաքվեի կոնկրետ օր որոշել: Այս մասին ասվում է ԱՄՆ Պետդեպի 2010 թվականի փետրվարի 25-ի գաղտնի փաստաթղթում, որը հրապարակել է WikiLeaks-ը:

Փաստաթղթում զետեղված են մանրամասներ ԱՄՆ Պետքարտուղարի Քաղաքական հարցերով տեղակալ Բիլ Բըրնսի և Իլհամ Ալիևի հանդիպումից, որը կայացել է այս տարվա փետրվարին Բաքվում:

Հանդիպման սկզբում Բըրնսը ցավակցել է Ալիևին փետրվարի 18-ին շփման գծում երեք անդրբեջանցի զինծառայողի զոհվելու կապակցությամբ: Համաձայն փաստաթղթի` Իլհամ Ալիևը նշել է, որ նման միջադեպերը կարող են կրկնվել, իսկ Բըրնսը պատասխանել է, որ նման միջադեպերը ստիպում են ավելի արագ փնտրել ղարաբաղյան հակամարտության լուծման ճանապարհները:

Իլհամ Ալիևը Բիլ Բըրնսին մի քանի ճանապարհ է առաջարկել ստիպելու, որպեսզի Հայաստանն ավելի արագ շարունակի բանակցությունները: Մասնավորապես, նա նշել է, որ միջնորդ հանդիսացող երեք պետությունները պետք է միավորեն իրենց ջանքերը բարձր մակարդակի վրա, պետք է հստակ ձևակերպեն, որ ԼՂՀ անկախությունը քննարկման ենթակա չէ, և եթե այս նոր առաջարկները չընդունվեն, ապա հետևանքը Հայաստանի միջազգային մեկուսացումը կլինի, հատկապես Ռուսաստանի կողմից, որը կկրճատի Հայաստանին տրամադրող տնտեսական օգնության մի մասը:

Ալիևը նշել է, որ Սոչիում նախագահ Սերժ Սարգսյանն իրեն առաջարկել է ԼՂՀ վերջնական կարգավիճակը որոշելու համար հանրաքվեի կոնկրետ ժամկետ նշանակել: Ալիևը նշել է, որ դա խախտում է հնարավոր համաձայնագրի ձևաչափը, որտեղ նշված է հանրաքվեի անցկացման հնարավորությունը, սակայն առանց կոնկրետ ժամկետի:

Ալիևն ասել է, որ Հայաստանը շատ խոցելի է մեկուսացման տեսանկյունից, քանի որ այն կախված է Սփյուռքից, ինչպես նաև «գազի և էլեկտրաէներգիայի ներմուծման առկայությունից»:

«18 տարվա բանակցությունների ընթացքում մենք փորձել ենք բոլոր տարբերակները: Երբ այս փուլը (Մինսկի խմբի բանակցությունները) ավարտվեն, հետո ի՞նչ է լինելու», – Ալիևի հարցը Բըրնսին մեջբերվում է գաղտնի փաստաթղթում: 

Պատասխանելով այն հարցին, թե ինչ դեր ունի Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում` Ալիևը համոզմունք է հայտնել, որ Մեդվեդևի ջանքերն անկեղծ են: Նրա խոսքով` Մեդվեդևը 5 անգամ հանդիպել է Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հետ, ուստի առաջընթացի ճանապարհին ցանկացած ձախողումը կմթագնի Մեդվեդևի` հուսալի գործընկեր լինելու փաստը: Ալիևի խոսքով` Սոչիում Մեդվեդևը փորձ է արել համոզել Սարգսյանին հասնել բեկման: Ալիևը զարմանք է արտահայտել այն փաստի կապակցությամբ, որ Մոսկվայի ճնշումներից և Սերգեյ Լավրովի` Երևան կատարած այցից հետո, հայաստանցիները ոչ միայն  մերժել են առաջընթացը, այլ նաև հետ քայլ են արել արդեն իսկ համաձայնեցված կետերից:

Ալիևը նաև ասել է, որ ինքը հավատում է, որ վարչապետ Պուտինն իր անձնական կարծիքն ունի Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման ցանկալի լուծման հարցում: «Ես ապացույց չունեմ, բայց զգում եմ, որ այդպես է»,- նշել է Ալիևը:
Խոսելով Մեդվեդևի մասին` Իլհամ Ալիևը նշել է, որ Ռուսաստանի նախագահը «ժամանակակից, նոր սերնդի ինտելեկտուալ է», ով, սակայն, շրջապատված է մարդկանցով, որոնց ինքը չի վերահսկում:

«Բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ չեն ընդունում նրան որպես առաջնորդ», – Բըրնսի հետ զրույցում ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահը նաև անդրադարձել է Պուտինի և Մեդվեդևի հարաբերություններին` նշելով. «Ինչպես ասում են ադրբեջանցիները, երկու գլուխ մի կաթսայում չես եփի»: Ալիևը ավելացրել է, որ երկու առաջնորդների թիմերի միջև հակամարտության նախանշաններ են երևում:  

Tekali Taxi