Home / Армения / Ազատագրման աստվածաբանությունը որպես հայ անկախ պետականության և ազատ հասարակության վերականգնման հիմք

Ազատագրման աստվածաբանությունը որպես հայ անկախ պետականության և ազատ հասարակության վերականգնման հիմք

Աստվածաբանության երկու ուղղությունների՝ ռեալիզմի և նոմինալիզմի, և հայաստանյան ներկայիս իրավիճակում դրանց ազդեցության մասին է երեկ «Փոքր խորհրդի» նիստում խոսել մշակութաբան Վարդան Ջալոյանը:

Անդարդառնալով ռեալիզմին` նա նշում է, որ, հիմնվելով միջնադարյան հայտնի մտածող Թովմա Աքվինացու գաղափարների վրա, Վերածննդի մտածողները եկել են ժողովրդավարության գաղափարի վերգտնմանը՝ հաստատելով մարդու անօտարելի ազատությունը: Նոր աշխարհում այդ միտումը, ըստ բանախոսի, բերեց, մի կողմից, հետ-աստվածաբանական, աթեիստական,  ձախ-ազատական շարժումների /սոցիալիստներ, կոմունիստներ, անարխիստներ/,  ինչպես նաև հենց կրոնական ազատարար գաղափարների, որոնցից է՝ Լատինական Ամերիկայում զարգացող, Բրազիլիայում ու Արգենտինայում իշխանության եկած «ազատագրման թեոլոգիան»:

Ջալոյանը նշել է, որ տասը տարի առաջ այդ գաղափարներին եկավ նաև Վատիկանը, երբ Հովհաննես Պողոս պապը եկեղեցու կողմից ներողություն խնդրեց՝ դարերով բռնակալներին սատարելու համար: Ազատական-ապստամբական գաղափարների վրա են խարսխված նաև բողոքական եկեղեցիները, ինչը ժամանակին բերեց ԱՄՆ-ի հեղափոխական անկախացմանը և Մարդու իրավունքների հռչակագրի ընդունմանը:

«Դրան հակադիր նոմինալիստական մտածելակերպի աշխարհիկ ամենահայտնի ներկայացուցիչն է փիլիսոփա Հոբսը, որի հայտնի «հասարակական պայմանագիրը»՝ ոչ թե պայմանգիր է ազատ քաղաքացիների միջև, այլ նրանց ու տիրակալի /«սուվերենի», ըստ Հոբսի/ պայմանագիրն է», – ներկայացրել է Ջալոյանը:

Հոբսը, հետևելով նոմինալիզմին, ելնում է նրանից, որ մարդու բնությունը չար է, և առանց հասարակական պայմանագրի «նախնական» մարդկային վիճակը դա «պատերազմ է բոլորը բոլորի դեմ», «մարդը մարդուն գայլ է», ինչը արմատապես հակադիր է, օրինակ, Ռուսսոյի պատկերացրած նախնական հասարակությունից և մարդուց: Այստեղից և գալիս է նոմինալիզմի մոտ նվաճող տիրակալի, կամ բռնակալի արդարացումը: Ըստ նոմինալիստների՝ մարդիկ ոչ թե ունեն սկզբնական անօտարելի ազատություն, այլ արժանանում են դրան՝ ըստ ընդունակությունների:

Էջմիածնի կաթողիկոսության հիմնադրումը, ըստ Ջալոյանի, նպատակ էր հետապնդում հասարակության անունից պայմանագիր կնքել իսլամական բռնակալ «սուվերենների» հետ, ոչ թե ազատագրել հայ ժողովուրդը, այլ «փրկել» նրան: Ազատագրման արժեքի տեղը դրվում է գոյապահպանման արժեքը: Դրանով Էջմիածինը հանդիսացավ, Ջալոյանի խոսքերով, հայ ազատագրական շարժման, ինչպես նաև հայ պետականության գերեզմանաքարը:

Հայ փիլիսոփա Գրիգոր Տաթևացու կողմից հիմնավորած հայ եկեղեցու նոմինալիստական հայեցակարգը կառուցված էր իրավական ֆորմալիզմի վրա, ըստ որի՝ իրավունքը ու հավատը կապված չեն, իրավունքը կարող են հաստատել իսլամ սուվերենները, իսկ հավատը կոչված է միայն հոգեպես «փրկել» հայ ժողովրդին, որից օրինաչափորեն գալիս է նաև նրա «ընտրյալության» գաղափարը, որի հիմնադիրն է նույնպես Տաթևացին, նշել է Ջալոյանը:

Բանախոսի խոսքով՝ նոմինալիզմի համար չկան համընդհանուր օրինաչափություններ, դրանք զուտ բառեր են՝ «նոմինալ» են, «ռեալ» չեն, հետևաբար, ինչպես անհատների, այնպես էլ ժողովուրդների միջև գործում է «ընտրյալության», էլիտիզմի սկզբունքը: Ինչպես հասարակական օրենքը, այնպես էլ գիտական օրինաչափությունը լի են բացառություններով ու արտոնություններով, փաստացի, միամիտների համար են միայն, ուրեմն՝ իսլամական օրենքը ու հայ ռամիկը իրար արժանի են, իսկ հայ ազնվականը, հոգևորականը, «ընտրյալը» միշտ «հատուկ հարաբերություններ» կստեղծի իսլամական ազնվականի, սուվերենի, էլիտայի հետ:

Ջալոյանի կարծիքով՝ արդի Հայաստանի բոլոր պահպանողական շարժումները, ինչպիսիք են՝ ՀՀԿ, ՀՅԴ, այլ իշխանամերձ ուժերը, ինչպես նաև Առաքելական եկեղեցին, և իրենց կողմից ստեղծվող պետությունն ու հասարակությունը, հիմնված են նոմինալիստական պատկերացումների վրա: Դրանց վրա հիմնված է նաև հայ հայրիշխանական ընտանիքի մոդելը, ըստ որի տղամարդը դա սուվերեն է, և թելադրում է ընտանեկան կանոնները:

Վարդան Ջալոյանը համոզված է, որ ազատագրման աստվածաբանությունը և դրա աշխարհիկ զարգացումները ձախ-ազատական գաղափարների տեսքով կոչված են վերականգնել հայ անկախ պետականությունը, ազատ հասարակությունը և մարդու ինքնիշխանությունը կյանքի բոլոր ոլորտներում:

Tekali Taxi