Home / Հայաստան / «Էլ ո՞ւմ շնորհավորեմ». Իսպանական սուպերկլասիկոն հայաստանյան իրադարձություն դարձավ

«Էլ ո՞ւմ շնորհավորեմ». Իսպանական սուպերկլասիկոն հայաստանյան իրադարձություն դարձավ

«Փոխեք, փոխեք «Շանթի» լուրերը գցեք, ընդեղ դեռ կարող ա մի հետաքրքիր բան լինի, ստեղ նայելու բան չմնաց», – «Բարսելոնայի» երկրպագուներից մեկն այսպես արձագանքեց իր համակրած թիմի խփած 4 գնդակին: Ներկաները սկսեցին բարձր ծիծաղել` իրենց գոհունակությունը հայտնելով հաջողված կատակի կապակցությամբ:
Երևանի կենտրոնում գտնվող մարզական բարում երկուշաբթի գիշերը ուրախ մթնոլորտ էր, գարեջուրը շատ էր, իսկ տրամադրությունը` բարձր: Հայաստանում իսպանական սուպերկլասիկոն էր:

Այն մարդկանց համար, ովքեր ֆուտբոլը չեն դիտում հանրային վայրերում, նման «հավաքույթները» կարող են զարմանալի թվալ: Հայաստանում «Բարսելոնա»-«Ռեալ» խաղին պատրաստվում էին այնպիսի ուժգնությամբ, կարծես, Մադրիդի և  Բարսելոնայի արվարձաններից մեկում լինեիր: Խաղից դեռևս մեկ ժամ առաջ բազմաթիվ մեքենաներով երկրպագուները մոտեցել էին բարին. «ռեալիստները» վանկարկում էին «Մադրիդ, Մադրիդ», «Բարսելոնայի» երկրպագուներն անընդհատ իրենց թիմի օրհներգն էին միացնում: Բարի ներսում շարժվելու, ասեղ գցելու տեղ չկար, սեղանները վաղուց պատվիրված էին, իսկ այն պատահական անցորդներին, ովքեր փորձում էին հարցնել, թե արդյոք կարելի է սեղան պատվիրել, մատուցողներն ու մենեջերները զարմացած հայացքով ճամփա էին դնում:

Մի քանի տասնյակ մարդիկ էլ ավելի ակտիվացան խաղից անմիջապես առաջ: Թիմերի երկրպագուները գրեթե հավասար քանակով էին ներկայացված տարածքում, մի փոքր առավելություն ունեին «բարսելոնացիները», սակայն հանդիպման 20-րդ րոպեին «Ռեալի» երկրպագուների ձայները գրեթե չէին լսվում, իսկ կատալոնացիներին համակրողները բացարձակ երջանիկ մարդկանց տպավորություն էին թողնում: Երկրորդ խաղակեսում «ռեալիստները» լռեցին վերջնականապես, խոսելու բան էլ չկար, իսկ «Բարսելոնայի» երկրպագուների կատակները ժամանակ առ ժամանակ ծիծաղի պոռթկումներ էին առաջացնում:

«Մեղք են, գնդակը տվեք, թող զգան», «Սուդյա, մի տասը րոպե ավելացրու, թող տանջվեն», «Արա, նայեք, «Ռեալը» գնդակ ստացավ, էս ինչ խաբար ա, չըլնի մի բան եղել ա»` նմանատիպ արտահայտությունները «Ռեալի» երկրպագուներին էլ ավելի ծանր հոգեբանական վիճակի մեջ էին դնում, իսկ «բարսելոնցիները» շարունակում էին ուրախանալ: Հարկ է նշել, որ ընդհարումներ «Ռեալի» և «Բարսելոնայի» երկրպագուների միջև չեղան. «մադրիդցիները» արժանիորեն ընդունեցին 0:5 հաշվով պարտությունը:

Բայց մինչ 5:0 հաշիվը «Բարսելոնան» շարունակում էր հիացնել. 20-30 փոխանցումներ պարունակող գրոհները ստիպում էին «ռեալիստներին» «պռոշները կռծել», իսկ «Բարսելոնայի» երկրպագուներին յոթերորդ երկնքից մի փոքր ավելի բարձր էին հասցնում: «Ռեալի» անօգնական վիճակը անգամ խղճահարություն առաջացրեց «Բարսայի» մոլի երկրպագուներից մեկի մոտ, ով ամբողջ խաղի ընթացքում գոռում էր իր թիմի անունը: Մի պահ` դադարի ժամանակ, երբ դահլիճում համեմատաբար լուռ էր (իրական լռության մասին խոսք լինել, իհարկե, չէր կարող), նա ոտքի կանգնեց և սկսեց ամբողջ ուժով վանկարկել` «Ռեալ, Ռեալ»… Հիրավի, «Բարսելոնայի» երկրպագուներն այդ օրը կարող էին անել այն, ինչ կցանկանան:

Ոմանք էլ համեմատություններ եզրեր անցկացրեցին անգամ հայկական ֆուտբոլի հետ: Երկրպագուներից մեկն ասաց. «Ափսոս, «Ռեալի» մարզիչն Անդրեասյանը չի, թիմը դաշտից հաներ», ևս մեկը համոզմունք հայտնեց, որ «Փյունիկն» անգամ ավելի արժանի տպավորություն կթողներ: ֆուտբոլիստների հասցեին անհատական վիրավորանքներ էլ հնչեցին` «Քրիտինե, Պույոլի դեմ բան չես կարո՞ւմ անես» (ուղղված Կրիշտիանու Ռոնալդուին) և «Արա, այ տականք, չէ պրծավ էս ֆուտբոլիստը» (ուղղված Սերխիո Ռամոսին, ով հանդիպման վերջում խայտառակ կոպտությամբ աչքի ընկավ Մեսսիի դեմ պայքարում):

Մի խոսքով` ֆուտբոլ էր: Իսկական ֆուտբոլ: Եվ անգամ անհնար է տխրել, որ այդ ֆուտբոլը միայն մի թիմի կատարմամբ էր: Որովհետև այդ թիմը խաղաց և իր, և մրցակցի փոխարեն:

«Էլ ո՞ւմ շնորհավորեմ», – խաղից հետո բարի դռան առջև կանգնած երջանիկ հայացքով հարցնում էր «Բարսելոնայի» շապիկով մի երիտասարդ: «Չեմ էլ ուզում տուն գնամ, չես էլ կարա քնես»:

Երևանում ժամը երկուսն էր, մարդիկ խմբերով փողոցում քայլում և շարունակում էին խաղից խոսել: Իսպանական սուպերկլասիկոյից:

Tekali Taxi