Home / Армения / Սևանում լճի ափին գերժամանակակից մարզական համալիր են ցանկանում կառուցել

Սևանում լճի ափին գերժամանակակից մարզական համալիր են ցանկանում կառուցել

Այսօր ՀՀ կառավարության նիստի ընթացքում գործադիրը հավանություն է տվել Սևանա լճի ափին բարձրլեռնային մարզական կենտրոն հիմնադրելու հայեցակարգին:

Կառավարությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է վեցամսյա ժամկետում ապահովել կենտրոնի հիմնադրման գործարար ծրագրի կազմման աշխատանքները` ՀՀ ազգային մրցունակության հիմնադրամի հետ կնքելով համապատասխան պայմանագիր։

Հայեցակարգի հիմնական նպատակն է Սևանա լճի ափին հիմնել համաշխարհային մասշտաբով եզակի բարձրլեռնային մարզական համալիր, որը կհամալրվի գերժամանակակից մարզական գույքով և սարքավորումներով և կտրամադրի մարզական, առողջարարական և զբոսաշրջային բարձրակարգ ծառայություններ։ Նախատեսվում է, որ այն կլինի ոչ միայն բարձրակարգ մարզումների աշխարհահռչակ վայր, այլև օլիմպիական մարզական բազա հայ մարզիկների համար։ Կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը նշում է, որ համալիրի հիմնումը մեծապես կնպաստի տեղական համայնքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։

Սևանա լճի ափին բարձր լեռնային մարզական կենտրոնի հիմնադրման ծրագրի ապահովման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը 2010թ. 4-րդ եռամսյակում տրամադրվել է 19250.0 հազար դրամ։

Tekali Taxi