Home / Армения / Դավիթ Շահնազարյանը զգուշացրել է սպաներին

Դավիթ Շահնազարյանը զգուշացրել է սպաներին

Իջևանում` ոստիկաններով  և ուղեփակոցներով շրջափակված հրապարակի մուտքերից մեկի մոտ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներն անցկացրեցին փոքրիկ հանրահավաք` ի պաշտպանություն «Հայկական ժամանակ» օրաթերթի խմբագիր,  քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի:

ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը, դիմելով հավաքված մարդկանց, ասել է, որ իրենք կարող են հպարտանալ, որ ունեն Նիկոլի նման հայրենակից, որը Համաժողովրդական շարժման առաջամարտիկն է և բանտում պայաքարում է բոլորի համար:

«Չենթարկվեք անօրինական հրամաններին: Այն հրամանը, որը ձեզ այսօր տրվել է, լրիվ անօրինական է, և խնդրում եմ` լավ հիշեք, որ անօրինական հրամանի համար պատասխանատվություն կրում են ոչ միայն հրաման տվողները: Ես դիմում եմ սպաներին, հիշե’ք` ինչ բան է սպայի պատիվը, և սպայի պատիվը մի զոհաբերք ներկայիս ավազակապետության շահերի համար: Եվ վստահ եղեք, որ հեռու չէ այն օրը, երբ Նիկոլը հայտնվելու  է ազատության մեջ` իր խուցը զիջելով ձեր ղեկավարությանը»:

ՍԴՀԿ ատենապետ Լյուդմիլա Սարգսյանն էլ, իր ելույթում խոսելով Նիկոլ Փաշինյանի մասին, ասել է, որ  նա մի երևույթ է, որն անընդհատ բացահայտման կարիք ունի և «ինչքան բացահայտում են, այնքան հիանում են»:

«Նիկոլը բանտում անում է ավելի, քան հազարավոր մարդիկ, որոնք ազատության մեջ են: Ես դիմում եմ բոլորին, ժողովուրդ ջան, գիտակցեք` Նիկոլի նմանները կարող են նորից ծնվել և հենց ձեր հողում ծնվել, պետք չի վախենալ արդարության համար պայքարից»,- ասել է ՍԴՀԿ ատենապետը:

Կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Մաթևոսյանն էլ իր ելույթում «ամոթանք հայտարարեց» տարածաշրջանի մարզպետ Արմեն Ղուլյանին և քաղաքապետին. «Նրանք` իրենց վախից դրդված, այս իրավիճակը ստեղծել են Իջևան քաղաքում»:
Ելույթ ունեցան նաև «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը և Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը:

Tekali Taxi