Home / Հայաստան / Եվս մեկ քաղբանտարկյալ այսօր, հնարավոր է, ազատ կարձակվի

Եվս մեկ քաղբանտարկյալ այսօր, հնարավոր է, ազատ կարձակվի

Այսօր ազատ կարձակվի քաղբանտարկյալ Ֆելիքս Գևորգյանը: Այս մասին Epress.am-ին հայտնել է «Քաղաքական բանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի» համակարգող Վարդան Հարությունյանը: 

«Դեռևս դատարանը պետք է որոշի, բայց հավանական է, որ քաղբանտարկյալ Ֆելիքս Գևորգյանին ազատ կարձակեն»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ այսօր Հայաստանի 4 քաղաքներում` Երևանում, Հրազդանում, Մարալիկում և Իջևանում, կազմակերվել են ակցիաներ` ի պաշտպանություն քաղբանտարկյալների:

Երևանյան ակցիայի մասնակիցները հավաքվել են Դատախազության շենքի առջև:

Մի քանի տասնյակ քաղաքացիներ, ինչպես նաև ՀԱԿ-ի ներկայացուցիչներ, պաստառներով կանգնել են Դատախազության շենքի առջև` իրենց բողոքի ձայնը բարձրացնելու և քաղբանտարկյալներին շուտափույթ ազատ արձակումը պահանջելու նպատակով:

«Նմանատիպ ակցիաները և նաև այլ միջոցառումներն ի վերջո բերելու են նրան, որ վերջապես բոլոր քաղբանտարկյալները հայտնվեն ազատության մեջ»,- Epress.am-ի հետ զրույցում ասել է նախկին քաղբանտարկյալ Լևիկ Խաչատրյանը:

Ինչ վերաբերում է Ֆելիքս Գևորգյանի հնարավոր ազատ արձակմանը, ապա քաղբանտարկյալի հայրը` Պետրոս Գևորգյանը, ով նույնպես մասնակցում էր այսօրվա բողոքի ցույցին, Epress.am-ի հետ զրույցում ասել է, թե ինքը ոչնչից տեղյակ չէ. «Ես դեռ ոչինչ չգիտեմ, տեսնենք ինչ կլինի»:

Նրա խոսքով` Ֆելիքս Գևորգյանը դեռևս 2 ամիս առաջ դիմում էր գրել, որ իրեն վաղաժամկետ ազատ չարձակեն, բայց, դիմումը չի ընդունվել:

Tekali Taxi