Home / Armenia / Եվ ո՞վ այսքանից հետո կհամարձակվի հարձակվել Ղարաբաղի վրա. Լիտովկին

Եվ ո՞վ այսքանից հետո կհամարձակվի հարձակվել Ղարաբաղի վրա. Լիտովկին

Դեռևս չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ամեն ինչ «մեծավարի» է, ինչպես իսկական պետության մեջ: Նույնիսկ Արտաքին գործերի նախարարություն կա, որտեղ արտասահմանից ժամանած քաղաքացիները պետք է գրանցվեն և համապատասխան փաստթուղթ ստանան երկրում մնալու համար, «Անկախ ռազմական դիտարկում»-ում, գրում է ռազմական լրագրող Վիկտոր Լիտովկինը.

«ԼՂՀ Պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն ասել է ինձ, որ ընթացիկ տարվա մեջ հակառակորդը 30 անգամ փորձեր է ներթափանցել ԼՂՀ-ի տարածք` իրենց հետախուզական-դիվերսիոն խմբերի օգնությամբ: 29 անգամ այդ փորձերը ձախողվել են: Մեկ անգամ հակառակորդին հաջողվել է սպանել 4 ղարաբաղցի զինվորի, և 4-ը վիրավորվել էին: Իհարկե, դիվերսանտներին այնուհետև վերացրել են»:

«Ես ասել եմ և չեմ դադարելու ասել, որ այս տարածաշրջանում խաղաղություն պահպանել հնարավոր է դառնում միայն Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի միջոցով: Մենք հարգում ենք ԵԱՀԿ ՄԽ-ին, մյուս միջնորդներին և հակամարտության կարգավորման հարցում նրանց գործադրած ջանքերը, բայց մեր միակ հույսը հենց մեր զինված ուժերն են: Որովհետև, եթե հակառակորդը իր նպատակներին հասնելու համար որոշի դիմել ռազմական գործողությունների, նա դա կանի», – ասել է Մովսես Հակոբյանը:

Խրամատներում ծառայությունն ընթանում է հերթափոխի միջոցով: Իսկ, թե որքան է տևում «հերթափոխը», ինձ չասացին, դա գաղտնիք է, բայց ասացին, որ ԼՂՀ-ի բանակը խրամատային բնույթ է կրում: Խաղաղության հաստատումից հետո 16 տարի շարունակ ԼՂՀ-ն «թաղվում է հողում»,- գրում է Լիտովկինը:

Հարցին, թե Ղարաբաղում որքան է հաշվվում զինվորների ընդհանուր թիվը, նախարարը պատասխանել է. «Դա գաղտնիք չէ, ես կարող եմ թիվ ասել: Մեզ մոտ ծառայում է 146 600 հոգի: Դա Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության թիվն է»:

«Հետաքրքիր մի փաստ: Խրամատում զրուցելով շարքային զնիվորներ Արթուր Իգիտթյանի և կրտսեր սերժանտ Գալուստյանի հետ` հարցնում եմ նրանց, թե ծագումով որտեղից են: Մեկը մյուսի հետևից պատասխանում են` Երևանից և Հայաստանի Արարատյան դաշտավայրից: Անմիջապես մոտենում է ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարության` ինձ ուղեկցող սպան ու ավելացնում, որ երկուսի նախնիներն էլ ծագումով  Լեռնային Ղարաբաղից են` մեկինը Հադրութի շրջանից, մյուսինը` Ստեփանակերտից: Իսկ իմ երրորդ զրուցակից Հակոբյան Վալերիի ծնողները, ինչպես պարզվեց, աշխատում են Ռուսաստանում:

«Նրանք կամավորներ են»,- մանրամասնում է ԼՂՀ-ի Պաշտպանության նախարարության ներկայացուցիչը և ավելացնում, «Իրենք ինքնակամ են եկել ծառայելու մեր բանակում: Մենք իրավունք չունենք մերժել»:

Հիշում եմ Հայաստանի առաջին պաշտպանության նախարար Դավիդ Տոնոյանի հետ մեր հարցազրույցը: Ես հարցնում եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև պաշտոնական հարաբերությունների մասին: Երևանը դեռ չի ճանաչել Լեռնային Ղարաբղը որպես անկախ պետություն: Բայց ինչպես է ստացվում, որ Հայաստանի և նույնիսկ Ռուսաստանի քաղաքացիները ծառայում են ԼՂ-ում:  

«Մեր ռազմական դոկտրինայում և ազգային անվտանգության ռազմավարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը համարվում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության երաշխիքը, դրանից բխող բոլոր բաղադրիչներով հանդերձ»,- ասել է Դավիթ Տոնոյանը:

«Դե ես էլ մտածում եմ, ինչ լավ է` այստեղ ամեն ինչ «մեծավարի» է կազմակերպված: Հայաստանը երաշխավորում է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը, իսկ Ռուսաստանը` որպես  Հայաստանի ռազմական դաշնակից, վերջինիս անվտանգության երաշխիքն է: Հենց այս փաստը հաստատեց Դմիտրի Մեդվեդևը Հայաստան կատարած իր վերջին այցելության ժամանակ` Սերժ Սարգսյանի հետ կնքած համապատասխան համաձայնագրում: Բացի այդ գոյություն ունի կոլեկտիվ անվտանգության Պայմանագրերի Կազմակերպություն, որի անդամ են և Հայաստանը և Ռուսաստանը»:

Եվ ո՞վ կհամարձակվի այսքանից հետո հարձակվել Լեռնային Ղարաբաղի վրա, դրանից բխող բոլոր հետևանքների պարագայում, եզրափակում է ռուսաստանցի լրագրողը:

Tekali Taxi