Home / Армения / Փոխել աշխարհը մեկ շաբաթվա ընթացքում. ո՞վ է իրականում WikiLeaks-ի հիմնադիրը

Փոխել աշխարհը մեկ շաբաթվա ընթացքում. ո՞վ է իրականում WikiLeaks-ի հիմնադիրը

Ո՞վ է վերջ ի վերջո Wikileaks.org կայքի հիմնադիր ավստրալացի Ջուլիան Ասանջը, և ի՞նչ կոնկրետ նպատակ է նա հետապնդում: Այս հարցն այսօր տանջում է հազարավոր քաղաքագետների և վերլուծաբանների ամբողջ աշխարհում:

Ասանջի գործունեության հիմնական դրդապատճառների մասին մի քանի տարածված վարկած կա: Ոմանց կարծիքով` ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերի հրապարակումը հենց Միացյալ Նահանգների ձեռքի գործն է, որին ձեռնտու է վարկաբեկել մի շարք խոշոր և մանր պետությունների առաջնորդներին:

Վարկածներից մյուսը կողմ է հանդես գալիս ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական հակառակորդների, օրինակ, Չինաստանի կամ Ռուսաստանի մասնակցությանը, ովքեր օգտագործել են իրենց լրտեսական ցանցերն այդ փաստաթղթերը ստանալու և Ասանջին տրամադրելու համար: Կա ևս մի վարկած, որին շատերը թերհավատորեն են վերաբերվում` Ասանջն իրոք անհատ է, ով չի հովանավորվում և ոչ մեկի կողմից ու ինքնուրույն գործունեություն է ծավալել:

Առաջին հայացքից, ավստրալացու կողմից փաստաթղթերի հրապարակման ժամանակացույցը և հաջորդականությունը մի փոքր անիմաստ են թվում:  Նա մայրցամաքից մայրցամաք է «անցնում», սակայն ակնհայտ է, որ Ասանջն ունի «սիրված» երկրներ և ԱՄՆ դեսպանատներ, որոնց փաստաթղթերն ավելի հաճախ են հայտնվում WikiLeaks-ում: Վերլուծաբանները կարծիք են հայտնում նաև, որ իսկապես «սուր» փաստաթղթեր Ասանջը չափազանց քիչ է հրապարակել:

Մինչ վերլուծաբանները փորձում են հասկանալ այդ նպատակը, Ասանջը սպառնում է միանգամից հրապարակել բոլոր փաստաթղթերը և շարունակում է թաքնվել: Երեկ իսպանական El Pais-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ամեն օր «հազարավոր սպառնալիքներ է ստանում ԱՄՆ ռազմական ուժերի ներկայացուցիչներից»: Նրա խոսքով` իրավիճակը բարդանում է նրանով, որ սպառնալիքները սկսել են ուղղվել նաև իր երեխաներին ու փաստաբաններին:

Ասանջը ամեն կերպ ցանկանում է «սլաքներն ուղղել» ԱՄՆ-ի կողմ` Միացյալ Նահանգները ներկայացնելով որպես խոսքի ազատության համար պայքարում իր հիմնական հակառակորդ: Ավստրալացու նման «ակտիվությունն էլ» վերլուծաբաններից շատերին ստիպում է մտածել, որ Ասանջի գործողություններն ուղղորդվում են Վաշինգթոնից:

Սակայն կան մարդիկ, ովքեր փորձում են այլ տեսանկյունից վերլուծել իրավիճակը` վերանալով այն փաստից, թե ով է կանգնած Ասանջի հետևում: Հանրահայտ իտալացի պոստմոդերնիստ գրող, լեզվաբան Ումբերտո Էկոն համեմատում է ստեղծված իրավիճակը Ջորջ Օրուելի «1984» վեպում նկարագրվածի հետ, երբ տոտալիտար հասարակարգում «Մեծ եղբայրը հետևում է յուրաքանչյուր մարդու»:

«Այժմ մենք տեսնում ենք, որ պետությունը, իրոք, հետևում է յուրաքանչյուր քաղաքացուն, բայց յուրաքանչյուր քաղաքացի, կամ գոնե հակեր, կարող է հետևել պետությանը», – գրում է Էկոն:

Վերլուծաբաններից շատերը համաձայնում են Էկոյի հետ և նույնիսկ զարգացնում նրա միտքը: Կարևոր չէ` ով է Ասանջը, կարևորն այն է, որ հասարակ քաղաքացին գոնե ինչ-որ չափով հնարավորություն է ունեցել հասկանալ, թե ինչ է նշանակում այն, ինչը մեր օրերում կոչվում է «դիվանագիտություն»:

Եվ անկախ նրանից, թե ով է կանգնած Ջուլիան Ասանջի հետևում, մենք չենք կարող չփաստել, որ մեկ շաբաթվա ընթացքում նա կարողացավ կատարելապես փոխել պատկերացնումները համաշխարհային դիվանագիտության և քաղաքականության մասին:

Լուսանկարը` AFP:

Tekali Taxi