Home / Հայաստան / Պարտադիր ապահովագրությունը նպատակ ունի կոռուպցիայի նոր մեխանիզմ ստեղծել. ՀԱԿ

Պարտադիր ապահովագրությունը նպատակ ունի կոռուպցիայի նոր մեխանիզմ ստեղծել. ՀԱԿ

Այսօր Հայ Ազգային Կոնգրեսն հայտարարությամբ է արձագանքել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» օրենքին։ Կոնգրեսը նշում է, որ նորմալ և օրինական իշխանության համար ապահովագրական դաշտի կարգավորումը պետք է սկսվեր սոցիալական ոլորտից։

«Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության խնդիրը ՀՀ օրենսդրության մեջ բավարար չափով կարգավորված է Քաղաքացիական օրենսգրքով (Գլուխ 60), և այս պահին դրա առանձին օրենքով կարգավորումը սոցիալական կատակլիզմի հասնող այս պայմաններում ամենևին հրատապ չէ։ Ավտոմեքենաների պարտադիր ապահովագրության միջոցառումը, ինչպես ապօրինի այս իշխանության երկնած ցանկացած գաղափար, բխում է ոչ թե հասարակության շահերից, այլ նպատակ ունի հանցագործների կաստայի վերածվող վարչախմբի վերնախավի և օլիգարխների  համար ստեղծել թալանի ու կոռուպցիայի նոր մեխանիզմ», – ասված է հայտարարության մեջ։

Դրա հեղինակները նշում են, որ գործողության մեջ դրված օրենքով ապահովագրության համար սահմանված պարտադիր սակագները և տուգանքները չափազանց բարձր են ու կամայական, մինչդեռ չափազանց ցածր են վնասների հատուցման համար նախատեսված գումարների չափերը։

«Դա ձմռան ու նոր տարվա շեմին հատկապես ծանր է անդրադառնալու բնակչության մեծագույն՝ անպաշտպան մասի կենսապայմանների վրա։ Ինչպես և սպասելի էր՝ սակագների գնագոյացման հարցում ոչ շուկայական մեթոդի կիրառումը էապես նվազեցնելու է մրցակցությունն այս ոլորտում: Հապճեպ, առանց նախապատրաստման ընդունված օրենքը զուրկ է դրա կիրակման համար անհրաժեշտ նախապատրաստական բազայից, այն անհնար է լինելու սպասարկել, սահմանված կարճ ժամկետները ստեղծելու են խառնաշփոթ ու խուճապ։ Դրա հետ կապված, արդեն իսկ չարաշահումների ու շորթման մասին բազմաթիվ բողոքներ են գալիս, օրինակ, պետավտոտեսչության աշխատանքներից», – հայտարարության մեջ նշում են ընդդիմադիր ուժի ներկայացուցիչները։

Հայ Ազգային Կոնգրեսը հայտարարում է, որ ավտոտրանսպորտի պարտադիր ապահովագրության օրենքի կիրարկումը պետք է հետաձգել առնվազն այնքան ժամանակով, քանի դեռ չեն իրականացվել ապահովագրությունը ավելի հրատապ՝ սոցիալական ոլորտում։

«Դրանում պետք է կատարվեն էական փոփոխություններ, վերացվեն կոռուպցիոն ռիսկերը, սակագները թողնվեն ազատ շուկային, մարդուն տրվի այլընտրանքի հնարավորություն, սահմանվի կիրարկման սահուն փուլային գրաֆիկ՝ սկսելով առաջին հերթին թանկարժեք կամ նոր ներմուծվող մեքենաներից։ Օրենքի նախագիծը պետք է անցնի հանրային քննարկում։ Ինչպես ցանկացած այլ դեպքում, ավտոտրանսպորտի ապահովագրությունը ևս պետք է բխի, առաջին հերթին, քաղաքացու շահերից, ոչ թե պարտադրվի նրան չոր օրենքի ուժով ու տուգանքների սպառնալիքով», – եզրափակում են հայտարարության հեղինակները։

Tekali Taxi