Home / Армения / Սանահինի դեպոն պահանջում են վերականգնել

Սանահինի դեպոն պահանջում են վերականգնել

Սույն թվականի նոյեմբերի մեկին ՀՀ կառավարության հրամանով դադարեցվել է Սանահինի դեպոյի աշխատանքը, որը պատկանում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին այս առթիվ իր մտահոգությունն է հայտնել 1992-1995 թթ. ՀՀ ռազմաարդյունաբերական նախկին համալիրի համակարգող, «Սարդարապատ» շարժման համակիր Ավիկ Օհանյանը:

Նրա խոսքով` Սանահինի դեպոն կազմալուծվել է, քանի որ «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի ղեկավարությունը տնտեսապես նպատակահարմար չի համարել այն:

«Սրանով այս կազմակերպությունը նվազագույնը զրկում է Հայաստանին Վրաստանի տարածքով Հայաստան մտնող բեռնափոխադրումների խափանումները շտկելու և կանխարգելելու օպերատիվ միջամտությունից»,- ասել է բանախոսը:

«1994թ. Վրաստանի տարածքով Հայաստան բեռնափոխադրումների ընթացքում տեղի է ունեցել 23 ահաբեկչական գործողություն, որից 13-ը` Ադրբեջանի հետ զինադադարի ստորագրումից հետո: Սակայն Սանահինի լոկոմոտիվային բրիգադների և դեպոյի աշխատակիցների ջանքերով բոլոր պայթեցումների հետևանքներն արագ վերացվել են»,- նշել է Օհանյանը:

Հետևաբար, Սանահինի դեպոյի կազմալուծման հետևանքով, ըստ նրա, անհնար կլինի արձագանքել և վերացնել նման ահաբեկչական գործողությունների հետևանքները, որոնք Ավիկ Օհանյանն ապագայում չի բացառում:

«Այս ասուլիսի միջոցով ես կոչ եմ անում ՀՀ իշխանություններին անհապաղ արձագանքել. թող իրենց վերաբերմունքը ցույց տան, բարձրաձայնեն, թե ինչ են պատրաստվում անել»,- ասել է բանախոսը:

Tekali Taxi