Home / Армения / Հայերի քաղաքացիական դրսևորումը եվրոպականից տասնապատիկ ուժեղ է. երթ

Հայերի քաղաքացիական դրսևորումը եվրոպականից տասնապատիկ ուժեղ է. երթ

Երբ ոստիկանությունն իրեն խելոք է պահում, չի սադրում անկարգություններ, ամեն ինչ անցնում է իդեալական տարբերակով: Մարդու իրավունքների միջազգային օրվան նվիրված Հայ Ազգային Կոնգրեսի երթի ավարտին այսպիսի խոսքերով է դիմել Հյուսիսային պողոտայում հավաքվածներին ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

Նշենք, որ Կոնգրեսի այսօրվա երթն անցավ առանց միջադեպերի և ոստիկանության հետ ընդհարումների Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց- Հանրապետության հրապարակ-Նալբանդյան փողոց-Թումանյան փողոց-Հյուսիսային պողոտա երթուղով:
Զուրաբյանը նշեց, որ հետմարտիմեկյան շրջանում, որպես առանձին վերցրած երթ, առանց հանրահավաքի, այսօրվա երթն ամենամեծն էր:

«Այն ռեժիմը, որի դեմ մենք պայքարում ենք, այսօր թուլանում է, քայքայվում է ձեր աչքերի առջև, իսկ մեր շարժումը դառնում է ավելի հզոր կազմակերպված և մարտական», – ասել է ՀԱԿ համակարգողը:

Երթի մասնակիցների հետ խոսել է նաև Արամ Մանուկյանը, ով Հայաստանում ստեղծված իրավիճակը համեմատել է եվրոպական երկրների հետ:

«Երբեմն մենք նախանձում ենք եվրոպացիներին, թե իրենք ինչպիսի քաղաքացիական դրսևորւմ են հանդես բերում իրենց երկրի պրոբլեմները լուծելու ժամանակ: Ես այսօր համոզվեցի, որ մեր Շարժումը, մեր կամքը մեր բարոյականությունը, մեր ուժը, մեր մոտիվացիան տասնապատիկ ուժեղ են, որովհետև մենք ոչ թե մի դեպքի համար ենք պայքարում, ոչ թե մի դիպվածի համար ենք կռիվ տալիս, այլ երեք տարի շարունակ մենք փողոցը չենք լքում, երեք տարի կամքը, համառությունը, հաղթանակի հասնելու ձգտումը մեզ մոտ չի մարում, և այդ առումով մենք ավելի ուժեղ ենք, քան անգլիացիները, քան հույները և այլն»,- ասել է Արամ Մանուկյանը:

Վերջինս նշել է, որ թեև այս պայքարը երկար է, սակայն այն ստեղծագործական է և բարոյական: Արամ Մանուկյանի խոսքով` անկոտրուն կամքի շնորհիվ ընդդիմությունը պայքարը հասցնելու է այն ավարտին, որին ձգտում է:            

Tekali Taxi