Գլխավոր / Армения / Նիկոլ Փաշինյանը զրկված է հոդվածներ տպագրելու հնարավորությունից

Նիկոլ Փաշինյանը զրկված է հոդվածներ տպագրելու հնարավորությունից

«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանից «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի ղեկավարությունն ապօրինաբար հրաժարվում է նամակներ, դիմուներ ընդունել: Այս մասին հայտնել է Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, դեկտեմբերի 9-ին Փաշինյանի հետ տեսակցություն ունենալուց հետո:

Ըստ Աննա Հակոբյանի՝ Նիկոլ Փաշինյանն իրեն հայտնել է, որ «Արթիկ» ՔԿՀ ղեկավարությունը ոչ միայն իր` դեռևս նախորդ շաբաթ հանձնած ծրարները չի փոխանցում «Հայփոստ»-ի Արթիկի բաժանմունքին, այլև սկսել է ընդհանրապես հրաժարվել որևէ ծրար նրանից ընդունել:

Փաշինյանը նաև տեղեկացրել է կնոջը, որ ինքն այս ընթացքում ամեն օր հոդվածներ է գրել, մինչդեռ «ՀԺ» խմբագրությունը ոչինչ չի ստացել: Աննա Հակոբյանը հայտնել է նաև, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամաբ նման ապօրինություններն անհանգստություն են առաջացնում նրա կյանքի և անվտանգության խնդրի շուրջ, մասնավորապես, կապի բացակայության պայմաններում հնարավոր չէ տեղեկություն ստանալ Փաշինյանի որպիսության մասին, ինչը հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նկատմամբ տեղի ունեցած նախորդ հարձակումների շարքը,  լուրջ մտահոգությունների տեղիք է տալիս: