Գլխավոր / Армения / Այն, ինչ չարեցին բոլշևիկները… Հայաստանում դրական են գնահատում WikiLeaks-ը

Այն, ինչ չարեցին բոլշևիկները… Հայաստանում դրական են գնահատում WikiLeaks-ը

Ինտերնետը փոխում է շատ հարաբերություներ և կարծրացած ավանդույթներ,  օրինակ, այսպես կոչված, հեղինակային իրավունքի ոլորտում, որն իրականում ոչ այնքան հեղինակների, այլ խոշոր ընկերությունների շահերն է սպասարկում: Ինտերնետը մի հեղափոխություն է առաջացրել, որի արդյունքը դեռ պարզ չէ: ԱՄՆ Պետդեպի գաղտնի փաստաթղթերը տպագրող wikileaks.org կայքի ֆենոմենի մասին Epress.am-ի հարցին այսպիսի պատասխան է տվել հրապարակախոս Հրանտ Տեր-Աբրահամյանը:

«Բայց կարող է էնպես ստացվել, որ հասարակական բարիքը դրա շնորհիվ ավելի արդար բաշխվի մարդկանց միջև: Ինչ-որ նման բան էլ, գուցե, Վիկիլիքսի պատմությունն ա: Գաղտնի դիվանագիտությունը, մեծ հաշվով, հակադեմոկրատական ինտսիտուտ ա, գրեթե անփոփոխ ժառանգած եվրոպական աբսոլյոտիզմի դարաշրջանից (17-18 դդ.): Այն ունի բազմաթիվ մեղքեր մարդկության առաջ: Օրինակ, քիչ դեր չի կատարել երկու աշխարհամարտերի առաջացման առումով: Հետաքրքրիր ա, որ բոլշևիկները, առաջին դեկրետներից մեկով խոստացան վերացնել գաղտնի դիվանգիտությունը, ինչն ազգերի ինքնորոշման իրավունքի հետ միասին այն ժամանկվա սոցիալիստների կարգախոսն էր: Ցավոք, հենց իրանք բոլշևիկնբերը հետո էդ սկզբունքը չպահեցին: Էսօր Վիքիլիքսի շնորհիվ էդ հարցը, կարծես, նորից ա բարձրանում», – ասել է Տեր-Աբրահամյանը: 

Նրա խոսքով՝ մարդկությունը, միգուցե, իրոք ականատես դառնա այն բանի, որ այսօրվա տեխնիկական միջոցները թույլ են տալիս գրոհել նաև «աբսոլյուտիզմի այդ վերջին բաստիոնններից մեկը»: 

Հրապարակախոսը նշել է, որ wikileaks.org-ի ի հայտ գալը շատ ուրախալի լուր էր՝ ավելի լավ աշխարհի հույս ներշնչող: 

«Միակ գործոնը, որ մի քիչ մտահոգում է, դա ռուսների ու նման անախրոնիստական պետությունների ու հասարակությունների ուրախությունն է», – հավելել է Տեր-Աբրահամյանը:
Հրապարակախոս Առաքել Սեմերջյանի կարծիքով՝ Wikileaks-ի բացահայտումների առումով աշխարհի բոլոր երկրները բաժանվում են երկու խմբի: 

«Այն երկրները որոնց համար այդ բացահայտումները պարզապես հերթական սկանդալ էին, ու այն երկրները որոնց համար այդ բացահայտումները ունեցան և ունենալու են ճակատագրական էֆեկտ: Մենք բոլորս էլ հասկանում ենք, որ Հայաստանը գտնվում է երկրորդ խմբում: Երկրորդ խմբի երկրների համար Վիկիլիկսի բացահայտումները կարող են ավարտվել ինչպես որոշ բարձրաստիճան պաշտոնյաների հրաժարականներով, այլ նաև իշխանափոխությամբ, իսկ առաջին խմբում գտնվող երկրները վախենալու ոչինչ չունեն, քանզի իրենց հասարակությունների առջև այնքան բաց են, որ շատ դժվար է դավեր գտնել նրանց գործունեության մեջ», – ասել է Սեմերջյանը:
 
Նա նշել է, որ Հայաստանի դեպքում պետական մակարդակով մի բան հայտարարվում է, մի այլ բան արվում` ինչպես արտաքին, այնպես էլ ներքին հարաբերությունների հարցերում:
«Այդ պատճառով ցանկացած նոր հրապարակում, կարող է ցնցել ամբողջ երկիրը: Ինձ թվում է Վիկիլիկսի Հայաստանին վերաբերվող հիմնական տեղեկանքները դեռ չեն բացահայտվել, ու այդ սպասվող բացահայտումից էլ սարսափած են ՀՀ իշխանությունները: Չէ՞ որ այդ բացահայտումներով կապացուցվի ՀՀ իշխանությունների կապը հոկտեմբեր քսանյոթի ոճրագործության հետ, ինչպես նաև կլինեն նոր ապացույցներ մարտի մեկին ՀՀ բանակի միջոցով զինված հեղաշրջման մասին, որի պատճառով հանրահավաքի անզեն մասնակիցներ սպանվեցին, վիրավորվեցին ու հարյուրավորները հայտնվեցին բանտերում», – նշել է Սեմերջյանը:

Նա համոզմունք է հայտնել, որ WikiLeaks-ը կոնկրետ Հայաստանի դեպքում դրական ազդեցություն է ունեցել, քանզի «բացահայտվեցին ու դեռ բացահայտվելու են իշխանությունների այսքան տարի կատարած հանցագործությունների մի մասը, ու այդ բացահայտումներն ի վերջո բերելու են իշխանափոխության, որից հետո նոր իշխանություններն իրենց այնքան ազնիվ կպահեն, որ չեն վախենա ոչ Վիկիլիկսից, ոչ էլ մեկ այլ պետական ու ոչ պետական կազմակերպությունից»:

Լրագրող Զառա Հովհաննիսյանը Epress.am-ի հետ զրույցում հիշեցրել է, «Совершенно секретно» հեռուստանախագիծը, որին մարդիկ սրտատրոփ սպասում էին Խորհրդային Միության վերջին տարիներին:

«Դա մի բացահայտումների շարք էր, Խորհրդային Միություն երկրի գաղտնի փաստաթղթերի, որոնք լույս էին սփռում ոչ վաղ անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մանրամասների վրա: Դա ունեցավ իր դրական ազդեցությունն ու կայսրությունը փլուզվեց», – ասել է Հովհաննիսյանը։

Նա կարծիք է հայտնել, որ այժմ էլ կանգնած ենք հերթական կայսրության փլուզման նախաշեմին։

«Բացի այդ, նման բացահայտումներն ուղղված են ոչ միայն մեկ գերտերության դեմ, այլ ընդհանրպես ազգային պետությունների, միջազգային հարաբերությունների, որոնք իրենց բնույթով քրեական են՝ թե շահերի հետապնդման, թե բառապաշարի առումով։ Միգուցե նոր բնույթի հարաբերությունների ստեղծման նախերգանք է սա, իսկապես շահադիտական նպատակներով ու ուժային միջոցներով հարցեր լուծելու ժամանակներն անցել են։ Իսկ այն, որ Ասանժին ձերբակալեցին նման, ինձ համար անտրամաբանական մեղադրանքով, սովորական է դարձել։ Տեղեկատվության ազատության իրավունքի համար պայքարողներին մշտապես ներկայացվել են քրեական մեղադրանքներ, կամ թմրադեղեր, կամ զենք, կամ սեռական բնույթի։ Կրկնվող ձեռագիր ու արդեն իրեն սպառած։ Այս ամենի , ինձ համար, ամենադրական կողմ այն է, որ մարդկանց մտածողությունն ու արժեհամակարգն է փոխվում։ Այլևս չկան անխոցելիներ ու ուժեղներ։ Բոլորն էլ հավասար են, բոլորն էլ բացահայտման ենթակա», – ասել է լրագրողը։

Tekali Taxi