Գլխավոր / Армения / Հայաստանում թուրքահայ տնտեսագետի տեսությունը բացատրեցին սերիալների օգնությամբ

Հայաստանում թուրքահայ տնտեսագետի տեսությունը բացատրեցին սերիալների օգնությամբ

Հայկական ծագում ունեցող թուրք տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն (լուսանկարում) հանրահայտ թուրք գրող Օրհան Փամուկի և Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուի հետ մեկտեղ համարվում է Թուրքիայի ամենաինտելեկտուալ մարդկանցից մեկը: Հայազգի թուրք տնտեսագետի աշխատությունների և գաղափարների մասին երեկ խոսեցին «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստի ընթացքում:

1967 թվականին Ստամբուլում ծնված և ներկայումս Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտում աշխատող Դարոն Աջեմօղլուի տեսությունները ներկայացրել է մշակութաբան Վարդան Ջալոյանը:

Վերջինս նշել է, որ Թուրքիայում մեծ հարգանքով են վերաբերվում Դարոն Աջեմօղլուին: Հայազգի թուրք տնտեսագետը շարունակում է Դագլաս Նորտի (Նոբելյան մրցանակ տնտեսագիտության ոլորտում 1993թ.) մոտեցումները, ըստ որոնց` զարգացման մեջ առանցքային դերը պատկանում է հաստատություններին` ինստիտուտներին:

Նա կարևորում է ինստիտուտների նշանակությունը, քանզի նրանք «որոշում են մարդկային փոխազդեցության դրդապատճառների կառուցվածքը` լինի այն քաղաքականության, սոցիալական կամ տնտեսական ոլորտներում»:

Ջալոյանի խոսքով՝ Ասեմօղլուի տեսություններն անկարելի է հասկանալ և կիրառել մեր հասարակության մեջ, եթե չգիտենք, թե ինչպիսի ինստիտուտներ` «խաղի կանոններ» են գործում Հայաստանում:

Իր ելույթի ընթացքում Վարդան Ջալոյանն առաջարկել է դիմել հայկական սերիալների օրինակին` հասկանալու Հայաստանում գործող «խաղի կանոնները»:

«Հայկական սերիալները սովորաբար պատմում են մի քանի ընտանիքների և նրանց միջև փոխհարաբերությունների մասին: Սա էական է` ոչ թե անհատների փոխհարաբերությունների, այլ` ընտանիքների: Դա նշանակում է, որ անհատը գտնվում է ընտանիքի խիստ ենթակայության ներքո և չունի շատ թե քիչ կայուն կապեր ընտանիքից դուրս: Վերընտանեկան հաստատություններից ներկայացված է միայն պետությունը` ոստիկանի կերպարի տեսքով, բայց նա էլ «սեփականաշնորհված է», սպասարկում է այս կամ այն կլանի շահերը», – պարզաբանել է Ջալոյանը:

Մշակութաբանի կարծիքով՝ դրամատիկ պահը հիմնված է յուրօրինակ տրամաբանության վրա. այն ամենը, ինչ կարելի է անել հօգուտ ուրիշի, արվում է ի վնաս իր ընտանիքի: Ուրիշին օգնելը նշանակում է վնասել սեփական կլանին. նույնիսկ արդար լինել չի կարելի, դրանից դավաճանության հոտ է փչում: Հերոսները գործում են հետևյալ սկզբունքով՝ «ձգտիր առավելագույն շահի քո կլանի համար` ելնելով այն դրույթից, որ բոլորն էլ այդ կերպ են վարվելու»:

Ջալոյանի պնդմամբ՝ հայկական սերիալներում միակ գործողությունը, որ իրապես կատարվում է, ուրիշին վնասելն է: Վնասելու ամենամեծ ռեսուրսներ ունեն օլիգարխները, և այդ պատճառով մեր սերիալների գլխավոր հերոսները նրանք են: Վնասել կարողանալու համար հարկավոր է քրեական հակումներ, այսինքն` օլիգարխները նաև մաֆիոզներ են, քրեական կլանների առաջնորդներ:

Դա չի նշանակում, որ բոլոր մարդիկ Հայաստանում համաձայն են այդ կանոնների հետ: Ըստ Ջալոյանի` Երևանում կա երկու մեծ սոցիալական ինստիտուտ` երկու «խաղի կանոններ»:

Բանախոսի կարծիքով՝ քաղաքական, սոցիալական և տնտեսական ինստիտուտների ընտրությունը հնարավոր է: Հայաստանում որպես արգելք նշում են «դեմոկրատական մշակույթի» բացակայությունը ու ցածր բարեկեցության աստիճանը, որպես նպաստող գործոն` «հին քաղաքակիրթ ժողովուրդ լինելը»: Այս մոտեցումը Աջեմօղլուն մերժում է:

Ըստ տնտեսագետի` «ժողովրդավարության հեռանկարը Ռուսաստանում, մյուս նախկին խորհրդային հանրապետություններում, ինչպես նաև Մերձավոր Արևելքում կախված է նրանից, թե կգտնվի քաղաքական ինստիտուտների այն հավաքածուն, որը կկարողանա վերահսկել արդեն իշխանություն ունեցողներին և հնարավորություն տալ արտահայտվելու տարբեր խմբերին, դառնալ միջնորդ այդ խմբերի պահանջների միջև: Շատ հաջողակ ժողովրդավարությունների օրինակը ցույց է տալիս, որ իսկապես այդպիսի քաղաքական ինստիտուտներ հնարավոր է ստեղծել»: Աջեմօղլուի կարծիքով՝ դա հեշտ խնդիր չէ, քանզի վերահսկելի չեն ոչ միայն հասարակ կատարողները, այլ նաև քաղաքապետերն ու նախարարները: Ավելի շուտ` հենց նրանք են առավել անվերահսկելի:

Խոսելով Աջեմօղլուի տեսության մասին՝ Վարդան Ջալոյանը նշել է, որ քաղաքական կյանքը նույնպիսի ներկայացում է, ինչպիսին հեռուտասերիալը, երկուսի մեջ էլ նույն կանոններն են գործում, նույն ինստիտուտներն են: Փոխել քաղաքական հաստատությունները նշանակում է փոխել քաղաքական ներկայացման, օրինակ` ընտրությունների սցենարը:

Ասեմօղլուն գիտի ինչպես փոխել, հավանաբար այդ պատճառով էլ Հայաստանում նրա մասին աշխատում են քիչ խոսել, նշել է Ջալոյանը:

Tekali Taxi