Գլխավոր / Армения / Բագրատյան, Մանուկյան, Քոչարյան… հայաստանյան նեոլիբերալիզմն ու օլիգարխիան

Բագրատյան, Մանուկյան, Քոչարյան… հայաստանյան նեոլիբերալիզմն ու օլիգարխիան

Տնտեսական խաղի կանոնները Հայաստանում, ինչպես բոլոր հետխորհրդային երկրներում, ձևավորվել են 90-ականներին: «Փոքր խորհուրդ» հասարակական-քաղաքական խմբի հերթական նիստի ընթացքում մշակութաբան Վարդան Ջալոյանը խոսել է Հայաստանում վերջին 20 տարվա ընթացքում տնտեսության ոլորտում գործող «խաղի կանոնների» մասին:

«Հրանտ Բագրատյանի կառավարությունը կողմնորոշված էր մանր և միջին բիզնեսի վրա, որոնք բուռն զարգացում ունեցան: Այդ դարաշրջանի խորհրդանշական բառը «ստոլիկն» էր (սեղանիկները, որոնց միջոցով իրագործվում էր փողոցային առևտուրը վաղ 90-ականներին – Epress.am): Բիզնեսի հիմնական միավորը նույնիսկ ոչ թե փոքր բիզնեսն էր, այլ միկրոսկոպիկը` «ստոլիկը»: Այս առողջ տեսակետը` դեմոկրատական կապիտալիզմը, հակասության մեջ էր պրակտիկայի` խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհման հետ, նեոլիբերալ դեղատոմսերով արված վաուչերացման գործընթացի հետ: Գործարանը «ստոլիկ» չէ, և պահանջում է այլ «խաղի կանոններ», ներդրված կապիտալի այլ մասշտաբներ», – իր ելույթում նշել է Վարդան Ջալոյանը:

Որպես հակադիր  տնտեսական մոտեցում Ջալոյանը նշել է Վազգեն Մանուկյանի և նրա կողմնակիցների հայացքները, ովքեր համարում էին, որ տնտեսությունը հարկավոր է փոխանցել մեկ-երկու տասնյակ ընտանիքների, որոնք «կպահեն» մյուսներին:

«Իհարկե, մանուկյանական «օլիգարխիականությունը» սկզբունքորեն տարբերվում էր քոչարյանականից: Վազգեն Մանուկյանը օլիգարխների դերում տեսնում էր խոշոր գործարարների խորհրդային տնօրեններին, որոնք մասնագիտական հմտություններ ունեն, իսկ Ռոբերտ Քոչարյանը օլիգարխների դերում տեսնում էր «հավատարիմներին», որոնք նեցուկ կլինեն իշխանություններին: Բայց նկատենք, որ զուտ տեսության առումով Մանուկյանի և Քոչարյանի մոտեցումները համանման են. երկուսն էլ շեշտադրումը դնում են մասշտաբի էֆեկտի վրա` խոշոր բիզնեսն ավելի արդյունավետ է, քան մանր կամ միջինը, սուպերմարկետը ավելի լավ է, քան «բուդկան»», – բացատրել է Ջալոյանը:

Այսպիսով, արդյունքում գոյանում է տնտեսական երեք մոդել՝ դեմոկրատական կապիտալիզմ, սոցիալական օլիգարխիա և նեոլիբերալ օլիգարխիա:

«Անձամբ ինձ համար գերադասելի է առաջինը, և, կարծում եմ, անձնական նախաձեռնության նկատմամբ բագրատյանական կառավարության բարեհաճությունը շատերը ժամանակին գնահատեցին: Ռացիոնալ հատիկ, գուցե, ուներ Վազգեն Մանուկյանի մոդելը, որը պահպանում է խորհրդային ինստիտուցիաների հետ ժառանգականությունը, բայց մյուս կողմից՝ այն քիչ տեղ էր թողնում տնտեսական և սոցիալական նորամուծությունների համար, ընդգծված պահպանողական էր և զարգացման հնարավորություններ չէր կարող տալ: Այս լույսի ներքո երրորդը` նեոլիբերալ օլիգարխիական մոդելը, թվում է ամենավատը: Նրա խաղի հիմնական կանոններն են` «հաղթողը վերցնում է բոլորը», այսինքն` տնտեսական կյանքի հիմնական միավորը դառնում է օլիգոպոլիան», – ասել է մշակութաբանը:

Բանախոսի  կարծիքով՝ դժվար չէ հասկանալ, թե ինչու նեոլիբերալ տնտեսագետներն արդարացնում են օլիգարխիան, համարում, որ նրանց նկատմամբ բացասական վերաբերմունքը պոպուլիստական գաղափարախոսության արդյունք է: Ըստ նրանց` տնտեսական փլուզման պայմաններում միայն օլիգարխները կարող էին աշխատեցնել խոշոր ձեռնարկությունները:

Ջալոյանը  նկատել է, որ այսօր բոլոր տնտեսագիտական ֆակուլտետներում դասավանդում են նեոլիբերալ հայացքներ արտահայտող դասագրքերով և չեն ուսումնասիրվում այդ մոտեցման թերի կողմերը:

«Սա տեղեկատվական շրջափակման մի ձև է, ինչը կարող է հանգեցնել հասարակության, քաղաքական գործիչների ապակողմնորոշմանը, իսկ վերջինների պոպուլիստիկան մոտեցումները խնդրին կարող են միայն վնասակար լինել», – ասել է բանախոսը:

Tekali Taxi