Գլխավոր / Армения / Հայաստանյան մամուլը գործում է քաղաքական ուժերի ազդեցության տակ. հետազոտություն

Հայաստանյան մամուլը գործում է քաղաքական ուժերի ազդեցության տակ. հետազոտություն

Հայաստանում մամուլը գտնվում է մասնակի ազատների խմբից ոչ ազատների խմբին անցնելու վտանգավոր սահմանագծում: Այս մասին վկայում են խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի կողմից 2010թ. օգոստոս-սեպտեմբերին իրականացված փորձագիտական սոցիոլոգիական հետազոտության արդյունքները: Հետազոտությունն անցկացվել է Հայաստանում ԶԼՄ-ների ազատության մակարդակը պարզելու համար` հաշվի առնելով իրավական, քաղաքական, տնտեսական և հասարակական գործոնների ազդեցությունը:

Այսօր «Խոսքի ազատություն» հ/կ նախագահ Աշոտ Մելիքյանը և սոցիոլոգ Վարդան Գրիգորյանը  լրագրողներին ներկայացրել են տվյալ փորձագիտական հարցման արդյունքները: Հարցմանը մասնակցել են 50 փորձագետներ, փորձագետների խմբում ընդգրկված են եղել ոչ միայն անկախ փորձագետներ, այլև լրատվամիջոցների ղեկավարներ և ներկայցուցիչներ:

Փորձագիտական հարցման և վերլուծության հիմքում ընկած է Freedom House միջազգային կազմակերպության մեթոդաբանությունը:
 
Հայաստանի ԶԼՄ-ների ազատության մակարդակն ըստ դրանց գործունեության իրավական դաշտին տված գնահատականների կազմել է 15,25 միավոր, ինչը, ըստ Freedom House-ի մեթոդաբանության տրամաբանության, ակնհայտ միջին ցուցանիշ է:

Ըստ քաղաքական դաշտին տված գնահատականների` ցուցանիշը կազմել է 22,88 միավոր, իսկ տնտեսական դաշտում` 20,51:

Հայաստանյան ԶԼՄ-ների ազատության ընդհանուր վիճակը բնութագրող գնահատականը կազմում է 58,68 միավոր: Այսինքն` Freedom House-ի մեթոդաբանության համաձայն, Հայաստանի մամուլը գտնվում է մասնակի ազատների խմբից ոչ ազատների խմբին անցնելու վտանագավոր սահմանագծում:

Բանախոսները նշել են, որ հայաստանյան ԶԼՄ-ները դասվում են տնտեսապես ոչ ազատների շարքին:

«Ինչու է այդպես, որովհետև շատ լրատվանմիջոցներ այդ բեռի տակից չեն կարողանում դուրս գալ և, ինքնուրույն չկարողանալով ապահովել լրատվամիջոցի գործունեությունը, ապավինում են տարբեր տեսակի աջակցությունների և հովանվորների: Դա է դրդել, որ լրատվամիջոցները նման գնահատական տան իրենց գործունեությանը: Քաղաքական առումով նույնպես բավականին դժգոհություններ կան», – ասել է Աշոտ Մելիքյանը:

Նա այս վերջին դժգոհությունները բացատրել է նրանով, որ լրատվամիջոցներն իրենց վրա այս կամ այն քաղաքական ուժի ազդեցությունն են զգում և իրենց դիտարկումները կապված են լինում որևէ քաղաքական ուժի հետ:

Tekali Taxi