Home / Армения / Նախընտրական տարում լրագրողների վրա ճնշումները կավելանան. փորձագետ

Նախընտրական տարում լրագրողների վրա ճնշումները կավելանան. փորձագետ

Գալիք երկու տարվա ընթացքում լրատվամիջոցների վրա իրականացվող ճնշումների առումով իրավիճակը կսրվի` կապված քաղաքական իրավիճակի սրման հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Խոսքի ազատություն» հասարակական կազմակերպության նախագահ Աշոտ Մելիքյանը:

Բանախոսն իր պնդումը բացատրել է նրանով, որ 2011 թվականը նախընտրական տարի է, իսկ 2012 թվականն արդեն ընտրությունների տարին է, այդ իսկ պատճառով  լրատվամիջոցների վրա կավելանան ճնշումները:

Մելիքյանը հիշեցրել է, որ սովորաբար ընտրությունների ժամանակ հաճախ են լինում դեպքեր, երբ լրագորղների նկատմամբ բռնություններ են գործադրվում: Նա նաև տեղեկացրել է, որ այս տարվա երրորդ եռամսյակում լրագրողների նկատմամբ բռնությունների որևէ դեպք չի արձանագրվել, ինչն, ըստ Մելիքյանի, սենսացիա էր` համեմատած վերջին տարիների նույն ժամանակահատվածի հետ:

Անդրադառնալով նաև «Ա1+»-ի հեռուստաընկերության` կապուղիների մրցույթին մասնակցությանը` Աշոտ Մելիքյանը հույս է հայտնել, որ ՀՌԱՀ-ն օբյեկտիվություն կցուցաբերի:

«Հանրությունը, իհարկե, շատ ուշադիր հետևելու է, թե դեկտեմբերի 16-ին` ինչ է կատարվելու»,- ասել է Մելիքյանը:

Tekali Taxi