Գլխավոր / Հայաստան / Իշխանությունների գերխնդիրը Փաշինյանի գործունեությունը կասեցնելն է. հայտարարություն

Իշխանությունների գերխնդիրը Փաշինյանի գործունեությունը կասեցնելն է. հայտարարություն

Ի հեճուկս հայաստանյան հասարակության և միջազգային հանրության պահանջների ՀՀ իշխանությունները շարունակում են քաղբանտարկյալներին պահել բանտերում: Այս մասին ասված է «Իրավունքի և ազատության կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից այսօր տարածած հայտարարության մեջ:

«Չբավարարվելով իրենց քաղաքական հակառակորդներին առաջադրված մտացածին ու շինծու մեղադրանքներով երկար տարիների ազատազրկման դատապարտելով, իշխանությունները շարունակում են նաեւ ազատազրկման վայրերում նրանց նկատմամբ կիրառել տարաբնույթ ճնշումներ ու բռնություններ», – մասնավորապես, ասված է հայտարարության մեջ:

Դրա հեղինակները նշում են, որ մամուլում շարունակվում են հրապարակումները քաղբանտարկյալ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ՀՀ իշխանությունների կողմից կիրառվող անօրինականությունների, ոտնձգությունների և բռնությունների վերաբերյալ:

«Երեկ էլ «Արթիկ» ՔԿՀ ներկայացուցչի ներկայությամբ կազմված արձանագրություն էր տարածել Փաշինյանի պաշտպան Վահե Գրիգորյանը, ինչից պարզորոշ երևում է, որ իշխանությունները շարունակում են դիմել ցանկացած անօրինական քայլի, որպեսզի նա զրկված լինի արտաքին աշխարհի հետ կապից, անձնական նամակագրություն ունենալու իրավունքից, փաստաբանի ծառայություններից օգտվելու և հրապարակախոսական գործունեություն ծավալելու հնարավորություններից: Ակնհայտ է, որ իշխանությունների գերխնդիրը Փաշինյանի հրապարակախոսական գործունեությունը կասեցնելը և որքան հնարավոր է երկար նրան ազատզրկման վայրում պահելն է», – նշում է «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ-ն և պահանջում է անհապաղ ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին:

Նշենք, որ «Իրավունքի և ազատության կենտրոն» հ/կ-ի նախագահն է
իրավապաշտպան Վարդան Հարությունյանը, ով նաև Քաղբանտարկյալների և հալածյալների պաշտպանության կոմիտեի համակարգողն է:

Tekali Taxi