Գլխավոր / Հայաստան / Բեգլարյանը շակալների խնջույքի զոհ է դառնում. կարծիք

Բեգլարյանը շակալների խնջույքի զոհ է դառնում. կարծիք

Ֆորմալ առումով Գագիկ Բեգլարյանի հրաժարականն արդարացված է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ, բլոգեր Սուրեն Սուրենյանց:

«Այնուամենայնիվ, ես կարծում եմ, որ քաղաքապետի կարգավիճակը և սոցիալական դիրք ունեցող անձնավորությունը պիտի ձեռնպահ մնար նման սկանդալային միջադեպի մեջ խառնվելուց», – հայտարարել է բանախոսը:

Մյուս կողմից` Սուրենյանցը բացարձակապես չի ընդունում իշխանությունների պնդումն այն մասին, որ Գագիկ Բեգլարյանի պաշտոնանկությամբ սկսվել է երկրում «օրինականության հաստատման, զոռբայության հետ պայքարի մի փուլ»:

«Նման պնդումները համարում եմ անտեղի: Ես խորապես համոզված եմ, որ եթե Գագիկ Բեգլարյանի արաքի պատճառով տուժեր շարքային մի քաղաքացի, նա հիմա կշարունակեր պաշտոնավարել», – ասել է բանախոսը:

Ըստ Սուրեն Սուրենյանցի` թիրախ է դարձել նախագահականի աշխատող, և նախագահ Սերժ Սարգսյանը փորձեց ցույց տալ` ով է երկրում իրական իշխանության տերը:

«Սա ավելի շատ ոչ թե օրինականության հաստատման փորձ էր, այլ նախագահական իշխանության ամենազորության դրսևորում: Ավելին ասեմ` նողկանք եմ զգում, երբ վերջին օրերին կարդում եմ հանրապետական որոշ գործիչների գնահատականներ, որ տալիս են Գագիկ Բեգլարյանին», – ասաց քաղաքագետը:

Նա նաև համոզմունք հայտնեց, որ նույն Ռաֆիկ Պետրոսյանը տասը օր առաջ կքծներ Գագիկ Բեգլարյանին որևէ տեղ հանդիպելիս.

«Հիմա Ռաֆիկ Պետրոսյանը խոսում է Գագիկ Բեգլարյանի ոհմակային տրամաբանության մասին: Չնայած` Ռաֆիկ Պետրոսյանը, հավանաբար, նման պնդումներ անելու իրավունք ունի, որովհետև նույն ոհմակի անդամն ինքն է»:

Սուրենյանցը ենթադրեց, որ որոշակի առումով Պետրոսյանի մեջ խանդն է խոսում, «որովհետև իր եղած-չեղած դուխը կհերիքեր, որպեսզի ինքը պաչեր ընդամենը մի շարքային անպաշտպան քաղաքացու»:

«Այնպիսի տպավորություն է, ոնց որ շակալների խնջույք է, թիրախ են ընտրել, զոհ, որպեսզի, պայմանականորեն ասենք, առյուծի թաթը լիզելու հնարավորություն ունենան: Ինձ մոտ այսպիսի տպավորություն է հանրապետական որոշ գործիչների մեկնաբանությունները կարդալուց հետո», – եզրափակել է Սուրենյանցը:

Tekali Taxi