Գլխավոր / Հայաստան / Հայերն ու ադրբեջանցիները նացիստների դեմ չեն միավորվի. փորձագետ

Հայերն ու ադրբեջանցիները նացիստների դեմ չեն միավորվի. փորձագետ

«Կովկասյան ազգության դեմքերի» նկատմամբ վերաբերմունքի իրական փոփոխությունը Ռուսաստանում ավելի վաղ է եղել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Դրա ապացույցներն են երկու գործընթացները. առաջինը` Ռուսաստանի մի քանի քաղաքներում ձևավորվել են ազգայնամոլական, նացիստական ընդհատակյա շարժումներ: Երկրորդը` «կովկասատյացությունը» դուրս է եկել սահմանափակ թվով մարդկանց ենթամշակույթից և ավելի հեռու է գնացել»,- ասել է քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով` այդ տրամադրությունները ներթափացնում են նաև այլ ենթամշակույթներ:

«Ֆուտբոլային ֆանատները, որոնք մի քանի տարի առաջ նման օրակարգ չունեին, այդ աստիճան քաղաքականացված չէին, այժմ քաղաքականացվել են և գնում են դեպի ազգայնամոլություն», -նշել է նա:

Փորձագետն ասել է, որ տեղի ունեցածը կարելի է անգամ ոչ թե «կովկասատյացություն» համարել, այլ «սևատյացություն», որովհետև բռնության են ենթարկվում շատերը` տաջիկներից մինչև մոլդովացիներ:

Քաղաքագետի համոզմամբ` մտահոգիչ միտում է այն, որ նման տրամադրությունները քաղաքականացվելու են:

«Քաղաքական գործիչները կօգտագործեն հասարակական տրամադրությունները: Դա ազատ խոսքի մեջ ազգատյացության տրամադրություններ կմտցնի», – ասել է Իսկանդարյանը:

Նա հայտարարել է` վտանգ կա, որ Ռուսաստանի իշխանությունները չեն կարողանա պահել այդ ալիքը:

Բանախոսը նաև կարծիք է հայտնել, որ կովկասցիների միավորում հնարավոր չէ:

«Մոսկվայում հայերը չեն կարողանում միավորվել, ուր մնաց հայերն ադրբեջանցիների կամ վրացիներն օսերի հետ միավորվեն…Կոնկրետ հարցերում միավորումներ կարող են ստեղծվել, բայց պատկերացնել, որ նրանք կարող են միավորվել ինչ-որ բանի միասին դիմակայելու համար, անհնար է», – նշել է Իսկանդրյանը:  

Փորձագետի կարծիքով` Մոսկվայի բախումները կհանգեցնեն նրան, որ կավելանա այն մարդկանց թիվը, ովքեր վերադառնալու են Հայաստան կամ կլքեն Ռուսաստանը:

«Նաև ավելի քիչ մարդ այստեղից Ռուսաստան կգնան: Նրանք, ովքեր ցանկանում են այստեղից մեկնել Ռուսաստան, այլ ճանապարհներ, այլ երկրներ կսկսեն փնտրել»,- ասել է Իսկանդարյանը:

Tekali Taxi