Գլխավոր / Հայաստան / ՀՌԱՀ-ն այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը. հայտարարություն

ՀՌԱՀ-ն այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը. հայտարարություն

2002թ. «Ա1+» հեռուստաընկերության եթերազրկումով իշխանությունը վերջ տվեց հեռուստաեթերով ազատ խոսքի և տեղեկատվության տարածմանը։ Այս մասին ասված է այսօր Հայ ազգային կոնգրեսի կողմից տարածած հայտարարության մեջ, որն առնչվում է կապուղիների մրցույթին «Ա1+» հեռուստաալիքի մասնակցությանը:

«Մնացած բոլոր հեռուստաընկերությունները վերցնելով նախագահական ապարատի վերահսկողության տակ՝ վարչախումբը ողջ ժողովրդին ենթարկեց տեղեկատվական բլոկադայի։ Միակ ազատ հեռուստաընկերության եթերը չվերականգնվեց անգամ Եվրոպական դատարանի որոշումից հետո. թվայնացման խնդիրը պատրվակ բռնելով`վարչախումբը երեք տարի ձգձգեց հարցի լուծումը։ Իսկ դրանից հետո ընդունվեց մի օրենք, որով, հակառակ նախապես տված խոստումների՝ թե թվայնացումից հետո հեռուստատեսային հաճախականությունների թիվը կավելանա մինչև 60-70, ընդհակառակը՝ դրանց թիվը 24-ից կրճատվեց 18-ի։ Այժմ էլ, հայտարարված մրցույթում «Ա1+»-ն այն սակավաթիվ հեռուստաընկերություններից է, որ տվյալ հաճախականության վրա մրցակից ունի։ Այսինքն՝ մրցույթը կազմակերպված է նախապես կայացված հանցավոր մի համաձայնության հիման վրա, և արդեն իսկ կանխորոշված են դրա արդյունքները», – ասված է հայտարարության մեջ։

ՀԱԿ-ը նշում է, որ միակ ժողովրդական հեռուստաընկերության շահերը պաշտպանելու համար ամիսներ առաջ ստեղծվել է մի խորհուրդ, որը, ի թիվս այլ միջոցառումների, նաև յուրահատուկ մի քվեարկություն-հանգանակություն է կազմակերպել հօգուտ «Ա1+»-ի։

«Հայ Ազգային Կոնգրեսը կոչ է անում բոլորին ակտիվորեն մանակցել այդ քվեարկությանը։ Կարելի է չկասկածել, որ ՀՌԱՀ-ը այս անգամ էլ կատարելու է իշխանության կամքը, սակայն այդ կառույցի յուրաքանչյուր անդամ պետք է շատ լավ հասկանա, որ անձնապես իր վրա է վերցնում խոսքի ազատության դահիճի դերը, ինչի համար անպայման պատասխան է տալու ողջ ժողովրդի առջև», – նշում են հայտարարության հեղինակները։

Tekali Taxi