Գլխավոր / Армения / Հեղափոխություն հեռարձակման ոլորտում. Հայաստանում առաջարկում են փոխել լիցենզավորման կարգը

Հեղափոխություն հեռարձակման ոլորտում. Հայաստանում առաջարկում են փոխել լիցենզավորման կարգը

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն առաջարկում է Հայաստանում պարզ լիցենզավորման կարգ ներմուծել հեռուստատեսային և ռադիո հեռարձակմամբ զբաղվող ընկերությունների համար: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը:

Նա նշել է, որ Կոմիտեն հանդես է եկել Հայաստանում Հեռուստառադիոհեռարձակման թվային համակարգին անցնելու գործընթացին վերաբերող փոփոխությունների ծավալուն փաթեթով:

«Մենք այս փաթեթը ներկայացնելու ենք ՀՀ խորհրդարանի հինգ խմբակցություններին, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին կից աշխատանքային խմբին և միջազգային կառույցներին»,- ասել է Մելիքյանը:

Կոմիտեի անդամ Մեսրոպ Հարությունյանը ներկայացրել է այս փաստաթղթի մի քանի օրենսդրական մանրամասներ:

«Օրենսդրական մեր առաջարկների փոփոխությունների հետ միասին մենք ներկայացրել ենք մեր հիմնավորումները, թե ինչու ենք առաջարկում այդ փոփոխությունները: Փոփոխությունները հիմնականում վերաբերում են լիցենզավորման խնդրին. այն է` նրանք, ովքեր ցանկանում են հեռարձակում իրականացնել, ոչ թե պետք է մասնակցեն լիցենզավորման ինչ-որ մրցույթների, այլ ստանան պարզ ընթացակարգով լիցենզիա, և հետո որոշեն հեռարձակման իրենց ձևը»,- մեկնաբանել է բանախոսը:

Նա նշել է, որ, համաձայն իրենց առաջարկի, մրցույթները պետք է լինեն միայն պետական շահագործման կապուղիներերով հեռարձակելու համար, այն, ինչ անվանում են սոցիալական փաթեթ:

«Այսօր լիցենզիայի մասին գործող օրենքով սահմանափակում է դրված, քանի որ համաձայն ՀՀ օրենքի «լիցենզիան միակ օրինական հիմքն է, որը ՀՀ տարածքում հեռարձակման իրավունք է տալիս: Մենք մեր ձևակերպումից «Հայաստանի Հանրապետության» բառակապակցությունը հանել ենք»,- նշել է Մեսրոպ Հարությունյանը:

Պարզաբանելով այս փոփոխությունը` վերջինս ասել է, որ, ըստ գործող օրենքի, հեռարձակողին լիցենզիա չտրամադրվելու դեպքում, այն հնարավորություն չի ունենում որևէ կերպ հեռարձակում իրականացնել, մինչդեռ դա կարելի է անել, օրինակ, արբանյակային միջոցներով:

«Մենք այս թնջուկը լուծել ենք պարզ լիցենզավորման ճանապարհով»,- եզրափակել է Մեսրոպ Հարությունյանը:

Tekali Taxi