Գլխավոր / Հայաստան / ԱԺ պատգամավորները խախտել են Անկախության հռչակագրի սկզբունքները. հայտարարություն

ԱԺ պատգամավորները խախտել են Անկախության հռչակագրի սկզբունքները. հայտարարություն

2010 թվականի դեկտեմբերի 22-ին ՀՀ Ազգային ժողովի 69 պատգամավորներ կողմ քվեարկեցին «Հանրակրթության մասին» և «Լեզվի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերին, ինչի հետևանքով այդ նախագծերն ընդունվեցին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ:  Այդ 69 պատգամավորները իրենց որոշմամբ խախտեցին Հայաստանի երրորդ հանրապետության Անկախության հռչակագրի սկզբունքները և ՀՀ Սահմանադրությունը: Այս մասին ասված է մի խումբ իրավապաշտպանների և հասարակական գործիչների համատեղ հայտարարության մեջ:

«Սա ամոթալի խայտառակություն է, ապտակ բոլոր այն հայորդիներին, ովքեր երբևէ պայքարել են Հայաստանի ազատության և անկախության համար», – նշում են հայտարարության հեղինակները:
 
Նրանք վստահություն են հայտնում, որ Հայաստանի ազգային արժեքների անդավաճան հետևորդները ամեն ջանք ներդնելու են Հայաստանում օտարալեզու դպրոցների գործունությունը խափանելու համար:

«Սա տևական պայքար և մաքառում է ենթադրում, այնքան, որքան անհրաժեշտ կլինի խնդիրը կարգավորելու համար», – հավելում է հայտարարությունը, որի տակ ստորագրել են Գյումրիի ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը, «Transparency International» հակակոռուպցիոն կենտրոնի նախագահ Սոնա Այվազյանը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, «Տարածաշրջանի զարացման կենտրոն» հ/կ-ի ներկայացուցիչ Վարուժան Հոկտանյանը,  Խոսքի ազատության պաշտպանության  կոմիտեի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը, «Դեպի Հայք» բարեգործական հիմնադրամի փոխտնօրեն Հայկակ Արշամյանը:

Tekali Taxi