2026 թ. մայիս 20, չորեքշաբթի
Epress

Ինչու ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Հայաստանին և Ադրբեջանին

Ղարաբաղը պետք չէ դարձնել մանրադրամ` բոլոր ձախողումները քողարկելու համար թե Հայաստանում, թե Ադրբեջանում, այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՌԴ աշխարհքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխտնօրեն Արա Սարգսյանը:

Ղարաբաղը «հանգիստ թողնելու» դեպքում, ըստ Սարգսյանի, պարզ կդառնա, թե ով է «շահագրգռված հակամարտության հրահրման մեջ»:

«Այդ դեպքում պարզ կարող է լինել, որ դրանում շահագրգռված են բրիտանացիները, Ամերիկայի Միացյալ Նահանգները, դրանում շահագրգռված են ռուսական որոշ ուժեր, որոնք կապված են «Գազպրոմի» կամ էներգետիկ բլոկի հետ, որոնք միշտ ցանկանում են լարվածություն Ղարաբաղում, որպեսզի «Նաբուկոն» չկառուցվի», - ասել է փորձագետը:

Արա Սարգսյանը նաև կարծիք է հայտնել, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորումը ձեռնտու չէ Հայաստանի և Ադրբեջանի իշխանություններին:

«Երբ որ լուծեն, այնքան խնդիրներ ի հայտ կգան. ինչի են մարդիկ վատ ապրում, ինչի
է վերջին երկու տարում աղքատների քանակը Հայաստանում դարձել մոտ հինգ հարյուր հազար, ինչի Ադրբեջանում չկա ժողովրդավարություն: Ալիևին հեշտ է այս ամենը կապել Ղարաբաղի խնդրի հետ», - նշել է Սարգսյանը:

Խոսելով Հայաստանի մասին` ՌԴ աշխարհքաղաքական հիմնախնդիրների ակադեմիայի փոխտնօրենը հույս է հայտնել, որ Սերժ Սարգսյանը կիրականացնի այն, ինչի մասին խոսել է ՀՀԿ համագումարին:

«Ինչպես կասեր իմ կողմից հարգված պաշտպանության բանակի նախկին ղեկավար պարոն Բաբայանը (Սամվել Բաբայան – Epress.am), երեք նախագահները մսխեցին ամբողջ Ղարաբաղի հաղթանակը», - ասաց Արա Սարգսյանը: