Գլխավոր / Հայաստան / 2 միլիոն դոլար Քոչարյանի համար. Հովիկ Աբրահամյանը հերքում է մեղադրանքները

2 միլիոն դոլար Քոչարյանի համար. Հովիկ Աբրահամյանը հերքում է մեղադրանքները

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անունից 2 մլն դոլար է վերցրել ՀՀ տրանսպորտի և կապի ներկայիս ՕԵԿ-ական նախարար Մանուկ Վարդանյանից: Երեկ «Հայկական ժամանակ» օրաթերթի հետ զրույցում այսպիսի սկանդալային հայտարություն է արել Բելգիայում քաղաքական ապաստան ստացած Գրիշա Վիրաբյանը:

Վիրաբյանը ամիսներ առաջ օրաթերթին հայտնել էր, թե ԱԺ նախագահը ՀՀ պաշտոնյաներից մեկից 2 մլն դոլար էր վերցրել Քոչարյանի անունից, սակայն պաշտոնյայի անունը չէր նշել: Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հետո երեկ Վիրաբյանը նաև սույն պաշտոնյայի անունն է հրապարակել` նշելով, որ եթե Սերժ Սարգսյանն այդքան անկեղծ է և իսկապես պայքարելու է կոռուպցիայի դեմ, ապա դա պետք է սկսի կոնկրետ մարդկանցից:

Ինքը` Հովիկ Աբրահամյանը, երեկ «ՀԺ»-ին փոխանցել է. «Վիրաբյանի ասածը սուտ է, նրան դատի եմ տալու»:

ՀՀ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի այն ժամանակվա նախագահ Մանուկ Վարդանյանը ևս ասել է, թե` «անլուրջ բաներ են, չեմ հաստատում»:

«Էդքան փող ունենայի, կգնայի հանգստանալու, ինչի եմ աշխատում»,- ավելացրել է Վարդանյանը:

Օրաթերթը հավելում է, որ Վիրաբյանը պատրաստ է իր հայտարարության համար պատասխան տալ դատարանում:

Նշենք, որ ավելի վաղ օրաթերթը գրել էր Գրիշա Վիրաբյանի գործի մասին: Վերջինիս 2004 թվականի ապրիլի 24-ին այն ժամանակ դեռևս ոստիկանության Արարատի մարզի վարչության պետի տեղակալ Աշոտ Կարապետյանը, Արտաշատի ոստիկանության քրեական հետախուզության բաժնի պետ Հովիկ Մովսիսյանի, մարզի պետավտոտեսչության պետ Ավետիք Հարությունյանի և ոմն «Պոլիս Արմենի» հետ խոշտանգել էին։ Վիրաբյանին ոստիկանությունում այնպիսի առանձնակի դաժանությամբ էին ծեծել, որ վերջինս տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ էլ բժիշկները հեռացրել էին նրա ամորձիները` Վիրաբյանի հարազատներին բացատրելով, որ եթե Վիրաբյանը մեկ ժամ ուշ տեղափոխվեր իրենց մոտ, ապա նրա կյանքը չէր հաջողվի փրկել։ Ոստիկաններին պատժելու փոխարեն, սակայն, քրեական գործ էր հարուցվել Գրիշա Վիրաբյանի դեմ։ Հիշեցնենք, որ Վիրաբյանը բազմիցս է հայտարարել, որ այդ ամենն արվել է Հովիկ Աբրահամյանի և Ռոբերտ Քոչարյանի ցուցումով։

Tekali Taxi