Գլխավոր / Армения / Լուկաշենկոյին չեն ընտրել, հաստատում են փաստաթղթերը

Լուկաշենկոյին չեն ընտրել, հաստատում են փաստաթղթերը

Բելառուսում հայտնվել են դեկտեմբերի 19-ի նախագահական ընտրությունների ժամանակ արձանագրված կեղծումների վերաբերյալ պաշտոնական փաստեր: Հիշեցնենք, որ այս ընտրություններում արդեն չորրորդ անգամ ձայների 80%-ով հաղթել է Ալեքսանդր Լուկաշենկոն: Ընդդիմությունն ու ԶԼՄ-ները երկու ընտրատեղամասերի արձանագրություններ են ներկայացրել, որոնք կասկածի տակ են դնում Լուկաշենկոյի հաղթանակը:

«Հանուն ազատության» դեմոկրատական կուսակցության առաջնորդ ու բելառուսական ընդդիմության նախկին միացյալ թեկնածու Ալեքսանդր Միլինկևիչը, ով այս տարվա ընտրություններին չէր մասնակցել, իր կայքում տեղադրել է Մինսկի Սովետական շրջանի 48-րդ տեղամասի արդյունքները, ըստ որոնց` Լուկաշենկոն 754 ձայն է հավաքել, իսկ ընդդիմության թեկնածուներից Անդրեյ Սաննիկովը` 130 ձայն: 58 ձայն էլ ստացել է Գրիգորի Կոսուտսևը:

Կայքում նաև մի տեսանյութ կա, որում երևում է, որ հանձնաժողովի անդամները քննարկում են, թե թեկնածու Ալես Միխալևիչի օգտին քվեարկած թերթիկները որ թեկնածուին տան, այնինչ քվեարկության արդյունքներն արձանագրող փաստաթղթում նրա անվան դիմաց գիծ է դրված, ինչը նշանակում է, որ նրա օգտին ոչ ոք չի քվեարկել:

Նմանատիպ բովանդակությամբ արձանագրություն է ներկայացված նաև Մինսկի Լենինյան շրջանի 49-րդ տեղամասից: Ըստ այս տեղամասի տվյալների` Լուկաշենկոն 484 ձայն է ստացել, Սաննիկովը` 309, Նեկլյաևը`148, իսկ Ռոմանչուկը` 110, գրում է Московский комсомолец թերթը:

Այսպիսով, Ալեքսանդր Լուկաշենկոն այս տեղամասում 39,3% ձայն է հավաքել, իսկ ընդդիմության երեք հիմնական թեկնածուները 46%: «Եթե ենթադրենք, որ նման դեպքերը կարող են գրանցվել ողջ երկրի տարածքում, ապա ստացվում է, որ ընտրությունների երկրորդ փուլն անխուսափելի էր: Այդ փուլում ընդդիմադիր ուժերն ու նրանց ձայները կմիավորվեին մեկ թեկնածուի շուրջ, ով կհաղթեր ներկայիս նախագահին: Նման բան Լուկաշենկոն չէր կարող թույլ տալ, ինչի համար  դիմել է ճնշման քաղաքականությանը»,- գրում է պարբերականը:

Tekali Taxi