Գլխավոր / Հայաստան / Կոնգրեսն Ամանորի գիշերը նույնպես պահանջելու է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Կոնգրեսն Ամանորի գիշերը նույնպես պահանջելու է ազատ արձակել քաղբանտարկյալներին

Հայ ազգային կոնգրեսն այսօր Գլխավոր դատախազության  առջև անցկացրեց այս տարվա վերջին բողոքի ակցիան: Այս ակցիան վերջին երեք տարվա ընթացքում թվով 135-րդն էր, չհաշված նաև այն 7 ակցիաները, որոնք վերջին ամսվա ընթացքում անցկացվել են մարզերում:
Լրագրողների  հետ զրույցում ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ իրենք  տարին չեն ամոփոփում, տարին շարունակվում է,  պայքարը շարունակվում է և ընդդիմության պահանջները նույնն են:

«Եթե օրացույցում օր կամ ամիս է փոխվում` մեզ  համար խնդիրները մնում են նույնը, ոչինչ չի փոխվել, մենք այս պահին  էլ անգամ Նոր տարվա գիշերն էլ պահանջելու ենք քաղբանտարկյալների ազատումը: Մենք Նոր տարին անցկացնելու ենք  Սարյանի արձանի մոտ, կրկին նույն  պահանջով` Հայաստանը չպետք է ունենա քաղբանտարկյալներ և մեզ ուղղակի  զարմացնում է  իշխանավորների հաստակողությունը, երբ ամբողջ աշխարհը պահանջում է Հայաստանի քաղբանտարկայլների  ազատումը»,- ասաց Արամ Մանուկյանը:
ՀԱԿ ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանն էլ իր ելությում հավաքվածներին վստահեցրեց, որ ժողովրդի կողմից ընտրված իշխանությունը կապահովի մարտի մեկի բազմակողմանի և մանրակրկիտ քննություն և բոլոր մեղավորները կենթարկվեն քրեական պատասխանատվության:

«Ես ավելի քան համոզված եմ, որ Հայաստանում օրինական իշխանություն ձևավորվելուց հետո այդ իշխանությունները կդիմեն միջազգային հանրությանը, որպեսզի մարտի մեկի քննությունը իրականացվի միջազգային հանրության կողմից, որպեսզի դրանք պատասախան տան միջազգային օրենքների և մարդկության դեմ կատարած իրենց հանցագործությունների համար», – ասաց Դավիթ Շահնազարյանը:

Վերջինս նաև նշեց, որ իշխանությունները, ձգձգելով քաղբանտարկյալների ազատման հարցը,  վճարում են մեր պետականության թուլացմամբ, ԱԺ-ում ընդունված հակազգային հակահայկական օրենքներով, վճարում են Ղարաբաղով և մեր երկրի անվտանգությամբ:
«Եվս մեկ անգամ դիմում եմ իշխանություններին, դուք ինքներդ եք ձեր վիճակն էլ ավելի ծանրացնում, վստահ եղեք, հեռու չէ այն օրը, երբ Հայաստանը լինելու է  երկիր` առանց քաղբանտարկյալների և ձեզանից շատերը զբաղեցնելու են նրանց տեղը: Միջազգային հանրությունը, իհարկե, օգնում է մեզ, բայց մենք միշտ շարժվել ենք այն համոզմամբ, որ մենք ենք լուծելու բոլոր հարցերը Հայաստանում»,- հավելեց Դավիթ Շահնազարյանը:

Tekali Taxi