Գլխավոր / Հայաստան / Ռուսաստանցի ընդդիմադիրներին շարունակում են կալանքի տակ պահել

Ռուսաստանցի ընդդիմադիրներին շարունակում են կալանքի տակ պահել

Ռուսաստանի ընդդիմության առաջնորդներից մեկը` Բորիս Նեմցովը, 15 օրով կալանավորվել է: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ` նման որոշում է կայացրել Մոսկվայի Տվերսկայա շրջանի դատարանը:

Քաղաքական գործչին մեղավոր են ճանաչել ոստիկաններին չենթարկվելու մեջ: Ինքը` Նեմցովը, ոստիկանությունում կազմված արձանագրությունը կեղծիք է անվանել:

Նեմցովը բերման էր ենթարկվել դեկտեմբերի 31-ին կայացած հանրահավաքի ժամանակ: Նրա ձերբակալման հանգամանքներն առայժմ հայտնի չեն: Ըստ որոշ լրատվամիջոցների` Նեմցովը փորձել է ճեղքել ոստիկանական պատնեշը` հանրահավաքին մասնակցելու համար:

Նեմցովի հետ միասին բերման է ենթարկվել նաև ընդդիմության մեկ այլ ներկայացուցիչ Իլյա Յաշինը: Նա կալանքի տակ կանցկացնի 5 օր:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 31-ին Մոսկվայի Տրիումֆալնայա հրապարակում երկու հանրահավաք է անցկացվել` արտոնված և չարտոնված:

Չարտոնված հանրահավաքի ժամանակ տասնյակ մարդիկ են ձերբակալվել, այդ թվում` ընդդիմադիրներ Էդուրադ Լիմոնովը, Կոնստանտին Կոսյակինը, ովքեր կալանքի տակ կանցկացնեն համապատասխանաբար 5 և 10 օր: