Գլխավոր / Հայաստան / Օհան Դուրյանը հեռացավ Մոցարտի երաժշտության ներքո

Օհան Դուրյանը հեռացավ Մոցարտի երաժշտության ներքո

«Այսօր՝ Սուրբ Ծննդյան առավոտյան, երկարատև հիվանդությունից հետո, ժամը 7:45-ին կյանքից հեռացավ 20-րդ դարի մեծագույն կոմպոզիտորներից մեկը՝ Օհան Դուրյանը: Իր վերջին խոսքերն իր հանգուցյալ մորն էին ուղղված, մտքերն՝ իր հայրենիքի հետ էին: Մաեստրոն հեռացավ խաղաղ՝ հանգելով Մոցարտի երաժշտության հնչյունների ներքո, որ խնդրեց միացնել իր համար և որոնց հոգեվարքի պահին անգամ՝ չափ տվեց … մի վերջին անգամ: Նրա մահճի մոտ էին իր հարազատներն ու ամենամերձավոր բարեկամները», – այսպես է սկսվում դիրիժոր Օհան Դուրյանի այրիի Ալիս Դուրյան-Շամիրյանի այսօր տարածած հայտարարությունը:

Ալիս Դուրյանը նշում է, որ Օհան Դուրյանն ապրեց քաղաքացու և մտավորականի անբասիր կյանքով և երբեք զիջումների չգնաց իր խղճի հաշվին: Մնաց իր սկզբունքների հավատարիմ, որ կոչված էին ծառայելու իր ժողովրդին:

«Ժամանակներն ու մարդիկ անցողիկ են, արժեքները՝ մնայուն: Եվ Օհան Դուրյանն այդ մնայուն արժեքներից է: Նա գնաց, բայց շարունակում է ապրել իր մշակութային անգնահատելի ժառանգությամբ և իր հայրենիքի արժանավոր քաղաքացիների հոգիներում: Այն ամենն ինչ ուներ՝ Դուրյանը տվեց իր ժողովրդին: Եվ ժողովուրդն անշուշտ՝ կհատուցի նրա հիշատակին: Ուզում եմ շնորհակալություն հայտնել ողջ հայությանն՝ այն անսահման և անկեղծ սիրո համար, որ ցուցաբերեց մաեստրոյին այս ողջ ընթացքում: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց` ովքեր մեր կողքին էին այս դժվար ու ծանր օրերին: Աստված Ձեզ պահապան: Աղոթենք միասնաբար մաեստրոյի հոգու հանգստության համար», – ասել է Ալիս Դուրյանը:

Լուսանկարը տրամադրել է Օհան Դուրյանի ընտանիքը:

Tekali Taxi