Գլխավոր / Հայաստան / Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմի պրեմիերան կկայանա Մոսկվայում

Հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին ֆիլմի պրեմիերան կկայանա Մոսկվայում

Ադրբեջանական Turan գործակալությունը հարցազրույց է հրապարակել «Ընդհատված երգը» ֆիլմի ռեժիսոր Արիկ Մանուկյանի հետ: Հիշեցնենք, որ «Ընդհատված երգը» հայ-ադրբեջանական արդի հարաբերությունների մասին պատմող առաջին գեղարվեստական կինոնկարն է: Դրա նկարահանումներն այժմ ընթանում են Մոսկվայում:

Պրեմիերային առնչվող հարցին ի պատասխան, Մանուկյանը հայտնել է, որ կինոնկարը պատրաստ կլինի մայիսի վերջին: «Այդ ժամանակ էլ, Մոսկվայի կենտրոնական կինոդահլիճներից մեկում կանցկացնենք գլխավոր պրեմիերան: Հաշվի առնելով հայ-ադրբեջանական հարաբերությունների հանդեպ միջազգային հանրության հետաքրքրությունը, ծրագրում ենք Ռուսաստանից, Հայաստանից և Ադրբեջանից բացի, «Ընդհատված երգի» պրեմիերան կազմակերպել նաև ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Վրաստանի,  Թուրքիայի, Հնդկաստանի, Մերձավոր Արևելքի և բալկանյան մի շարք երկրների մեծ էկրաններին»:

Ադրբեջանական կինեմատոգրաֆիստների հետ համատեղ Ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ ֆիլմ նկարահանելու մասին հարցին Արիկ Մանուկյանը պատասխանել է, որ նման առաջարկներ կքննարկի միայն Ղարաբաղյան հիմնախնդրի լուծման դեպքում:

Կինոնկարի ֆինանսավորման հետ կապված` Արիկ Մանուկյաը նշել է, որ սկզբում այն իրականացվում էր նկարահանող խմբի ղեկավարների` իր և գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի անձնական միջոցներով, սակայն ԶԼՄ-ների բուռն արձագանքի շնորհիվ նախագծով հետաքրքրվել են որոշ ներդրողներ, որոնց հետ այժմ բանակցություններ են ընթանում: «Լրացուցիչ ֆինանսական միջոցներն անհրաժեշտ են տարբեր արտասահմանյան երկրներում ֆիլմի պրեմիերաներն ու ցուցադրությունները հավուր պատշաճի կազմակերպելու համար: Մենք պատրաստ ենք դիտարկել նախագծին օժանդակության բոլոր այն առաջարկները, որոնք չեն ենթադրում սյուժեի փոփոխում»,- հայտարարել է նա:

Մանուկյանը քննադատել է ադրբեջանական լրատվամիջոցները, որոնք ողջ թափով շարունակում են ֆիլմի վարկաբեկմանն ուղղված հերյուրանքի քարոզարշավը:
«Ադրբեջանական ԶԼՄ-ների մղումը` ամեն գնով նսեմացնել այն, ինչն իրականացվում է հայերի կողմից, ժամանակի ընթացքում հանգեցրել է նրան, որ այդ տեղեկատվական ռեսուրսները դադարել են ընկալվել որպես նշանակության արժանի վերլուծությունների կրող»,- ասել է Մանուկյանը:

Tekali Taxi