Գլխավոր / Հայաստան / Հ1-ին պահանջում են պատասխանատվության ենթարկել գովազդի պատճառով

Հ1-ին պահանջում են պատասխանատվության ենթարկել գովազդի պատճառով

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբը Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների դիտարկում է կատարել` արձանագրելով մի շարք խախտումներ: Դիտարկման արդյունքները «Ասպարեզ»ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի կողմից ներկայացվել են Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանին և ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության ղեկավար Հովհաննես Հովսեփյանին համապատասխան նամակով:

«Հայաստանի Հանրային հեռուստառադիոընկերության Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի կատարած դիտարկումը ցույց է տալիս հետևյալը.

1.    Առավոտյան ժամը 07:52:26-ից մինչև 24:00:00-ը 16 ժամ 07 րոպե 34 վայրկյան ընդհանուր հաղորդումների մեջ գովազդը կազմել է 02 ժամ 01 րոպե 57 վայրկյան, ինչը կազմում է այդ ալիքով այդ օրը եթեր հեռարձակած հաղորդումների ընդհանուր ծավալի 12,6 տոկոսը: Օրվա հաղորդումների ընդհանուր հաշվարկով խախտվել է ՀՀ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքով սահմանված` գովազդային ծավալի առավելագույն 7 տոկոսը չափը եւ այն գերազանցվել է 5,6 տոկոսով, կամ սահմանվածի 80 տոկոսի չափով:
2.    Տասներկու անգամ առեւտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 04 րոպե 12 վայրկյանը (ՀՀ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքով սահմանված առավելագույն 7 տոկոսը): Առավելագույն գովազդի ծավալի չափը չի խախտվել մնացած 4 ժամերի դեպքում:
3.    Վեց դեպքում առևտրային գովազդի ծավալը մեկ ժամվա հաղորդումների ընթացքում գերազանցել է 10 րոպեն (ՀՀ «Գովազդի մասին» օրենքով սահմանված առավելագույն չափը):
4.    Ժամը 22:50:41-ից մինչեւ 23:44:29 հեռարձակված «Ռետրո-22.30» հաղորդումը հեռարձակվել է 0:00:22, 0:10:12, 0:11:53, 0:18:52, 0:06:37 տեւողությամբ հինգ մասերով եւ ընդմիջվել է գովազդային եւ հովանավորների հիշատակմամբ գովազդային չորս բլոկներով, ինչով խախտվել է  ՀՀ «Գովազդի մասին» օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջը:

Պարոն Ամալյան, այս նամակին կից ՀՌԱ Հանձնաժողովին եմ ուղարկում Հ1 հեռուստաալիքի 2010 թվի դեկտեմբերի 31-ի բոլոր հաղորդումների մեր վերծանման աղյուսակը: Խնդրում եմ քննության առնել վերը բերածս փաստերը եւ համապատասխան միջոցներ ձեռք առնել տեղի ունեցած օրինազանցությունների հեղինակներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ: Բարի եղեք այս նամակում բերածս խնդիրների Ձեր ուսումնասիրությունների եւ ձեռնարկած միջոցների մասին տեղեկացնել ինձ»,- ասված է «Ասպարեզ» ակումբի նամակում:

Tekali Taxi